Առաջարկ է հնչել «Եվրատեսիլ 2017»-ն անցկացնել Հայաստանում

30.03.2017, 17:36
«Եվրատեսիլ 2017»-ը չպետք է անցնի Ուկրաինայում, այլ որևէ ուրիշ երկրում կամ պետք է մեկ տարով հետաձգվի:
Առաջարկ է հնչել «Եվրատեսիլ 2017»-ն անցկացնել Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ 2017»-ը չպետք է անցնի Ուկրաինայում, այլ որևէ ուրիշ երկրում կամ պետք է մեկ տարով հետաձգվի, հայտարարել է պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը:

Ավելի վաղ Եվրոպական հեռարձակող միության (EBU) ղեկավար Ինգրիդ Դելտենրեն հայտարարել է, որ, եթե «Եվրատեսիլի» ռուս մասնակից Յուլիա Սամոյլովայի` Կիև մուտք գործելու արգելքի շուրջ իրավիճակը առաջիկայում չլուծվի, ապա EBU-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի դեմ:

«Վստահ եմ, որ Եվրոպական հեռարձակող միության ներկայացուցիչները պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրեն բոլոր մասնակից երկրներից, այդ թվում, նաև 2016 թ.-ին հաղթանակած երգչուհուց, և կամ տեղափոխեն մրցույթը հաջորդ տարի կամ այլ երկիր: «Եվրատեսիլը» կարելի է անցկացնել Ադրբեջանում, Հայաստանում, որտեղ ցանկանաք», - ասել է Պրիգոժինը НСН-ին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, դա պետք է հիմնավորվի Ուկրաինայի քաղաքական համակարգի անհիմն լինելով, նրանով, որ ուկրաինական իշխանությունները ի վիճակի չեն ապահովել մասնակիցների և հյուրերի անվտանգությունը իրենց երկրի տարածքում, ինչպես նաև` որպես բողոքի նշան` Ռուսաստանից սահմանափակ կարողություններով աղջկան մասնակցությունից հեռացնելու համար: Պրոդյուսերը կարծում է, որ Յուլիա Սամոյլովան ոչ մի դեպքում չպետք է մեկնի Կիև:

«Ես ոչ մի պարագայում չէի վտանգի իմ հայրենակիցներին: Ամեն դեպքում, մեզ պետք են երաշխիքներ մեր պատվիրակության համար: Տեսեք, թե ինչեր են կատարվում. Սբերբանկը տակնուվրա անելը, քաղաքի կենտրոնում պատգամավորների սպանությունը... Պատկերացրեք, որ համերգի տոմս կգնեն ծայրահեղականներ, ապա` ինչ-որ մեկի հետ ինչ-որ բան պատահի...», - ասել է Պրիգոժինը:

Նա հարցնում է, թե ով է պատասխանատվություն կրելու արտակարգ իրավիճակի պարագայում:

«Ակնհայտ է, որ ոչ նախագահ Պորոշենկոն, ոչ ոստիկանությունը չեն վերահսկում իրավիճակը երկրում: Չէ՞ որ Ռուսաստանը չէ Ուկրաինայում կատարվող բոլոր խնդիրների և խառնաշփոթի նախաձեռնողը», - հայտարարել է Պրիգոժինը: -0-