Ալտի և թավջութակի ավանդական փառատոնը մեկնարկում է Հայաստանում մայիսի 18–ին

10.05.2016, 13:16
Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտահարների և թավջութակահարների ամենամյա 7–րդ հանրապետական փառատոնը կանցկացվի Հայաստանում մայիսի 18–ից հուլիսի 5–ը:
Ալտի և թավջութակի ավանդական փառատոնը մեկնարկում է Հայաստանում մայիսի 18–ին
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտահարների և թավջութակահարների ամենամյա 7–րդ հանրապետական փառատոնը կանցկացվի Հայաստանում մայիսի 18–ից հուլիսի 5–ը, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին միջոցառման կազմակերպիչները։

Փառատոնը նվիրված է հանրաճանաչ կոմպոզիտորների հոբելյանին` Առնո Բաբաջանյանի և Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին, Գերոնտի Թալալյանի 90-ամյակին, Միքայել Կոկժաևի 70-ամյակին, Դմիտրի Շոստակովիչի 110-ամյակին, Բելա Բարտոկի 135-ամյակին, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի 260-ամյակին, ինչպես նաև Մենթերի, Շումանի, Վիվալդիի, Պերգոլեզեի մահվան տարելիցներին:

Այս տարի միջոցառմանը կհյուրընկալեն այնպիսի հանրաճանաչ երաժիշտներ, ինչպիսիք են Դմիտրի Նովգորոդսկին ԱՄՆ-ից (դաշնամուր), Անի Աղաբեկյանը Գերմանիայից (ջութակ), Տիգրան Հախումյանը Գերմանիայից (ջութակ), Տիգրան Մահտեսյանը Բելգիայից (ջութակ):

Փառատոնի նպատակներն են` երիտասարդ կատարողների ներուժի բացահայտումը, հայկական ժամանակակից երաժշտության քարոզումը, ողջ աշխարհի հայազգի կոմպոզիտորների միջև կապի հաստատումը:

ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցության ներքո իրականացվող փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Արամ Թալալյանը:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը փառատոնի տեղեկատվական հովանավորն է: -0-