Ադրբեջանցի տենորի հետ սկանդալից հետո Ռուզան Մանթաշյանն իր կատարմամբ ցնցել է դրեզդենյան հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը փետրվարի 7-ին փայլուն ելույթ ունեցավ Դրեզդենում կայացած The Semper Opera Ball-ում: Սա դարձավ սկանդալի ավարտը հայուհու և ադրբեջանցի տենորի միջև, ով հրաժարվել էր ելույթ ունենալ հայ երգչուհու հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ազգությամբ ադրբեջանցի, օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել էր հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ։ Այն բանից հետո, երբ նման լուրեր տարածվեցին, Էյվազովը հերքում է այդ լուրերը, իսկ Semper OpernBall–ը տեղեկություն տարածում, թե հայ երգչուհուն անգամ չի հրավիրել։
Սակայն Ռուզան Մանթաշյանին ներկայացնող գործակալությունը տարածում է հաղորդագրություն, որտեղ ներկայացնում է Դրեզդենի Semper OpernBall–ի կողմից երգչուհուն ուղարկված հրավերը` հանդես գալու Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը։ Այս դեպքերից հետո երգչուհուն կրկին հրավեր է ուղարկվում մասնակցելու Semper OpernBall–ին, որն էլ Ռուզան Մանթաշյանն ընդունում է: -0-