ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Աշխարհի 21 երկրների ավելի քան յոթանասուն ֆիլմ կներկայացվի «Կին» միջազգային XII կինոփառատոնի շրջանակում, որը կանցկացվի նոյեմբերի 3-7-ը Հայաստանում, հայտնում են փառատոնի կազմակոմիտեից:
Կինոփառատոնի նպատակն է վերաիմաստավորել կնոջ տեղը և դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, ձևավորել մի նոր հենակետ, որը կնպաստի Հայաստանում կանանց կողմից ստեղծված ֆիլմերի խթանմանը, նոր անունների բացահայտմանը, ինչպես նաև տարբեր ազգերի մշակույթների փոխընկալմանը:
Այս տարի փառատոնի hետահայաց ֆիլմերի ցուցադրություն ծրագիրը նվիրված կլինի Արշալույս Մարտիկանյանին, ով «Հոշոտված Հայաստան» հուշագրությունների հեղինակն է, որոնք պատմում են 1915 թ.–ի Հայոց ցեղասպանության սարսափների մասին։ Մարտիկանյանը նկարահանվել է Ցեղասպանության մասին պատմող «Հոգիների աճուրդ» ֆիլմում։
Փառատոնի շրջանակում նախատեսվում է կազմակերպել կլոր սեղան` «Կինը-Կինոն-Գրականությունը» թեմայով, որտեղ կքննարկեն կինոյի ու գրականության արդի խնդիրները: Կկազմակերպվեն նաև վարպետության դասեր`օտարերկրացի հյուրերի մասնակցությամբ։
Ռոսսոտրուդնիչեստվոյի կինոակումբում կցուցադրվի ռուսական ֆիլմերի ծրագիրը, որը կբացվի բազմաթիվ մրցանակներ ստացած Դարյա Խլեստկինայի «Վերջին լիմուզին» ֆիլմով:
Փառատոնի հաղթողներին կշնորհվեն մրցանակներ «Լավագույն ֆիլմ», «Հատուկ մրցանակ», «Լավագույն ռուսական ֆիլմ» անվանակարգերում։
Փառատոնի ժյուրիի կազմում ներառված են Կարին Էկբերգը (ռեժիսոր, Շվեդիա), Չիեկո Յամագամին (ռեժիսոր, Ճապոնիա), Տիգրան Խզմալյանը (ռեժիսոր, Հայաստան), Կարինե Ջանջուղազյանը (դերասանուհի, Հայաստան), Սուսաննա Հարությունյանը (գրող, Հայաստան):
Փառատոնի հյուրերն են ռու ռեժիսորներ Եկատերինա և Օլեսյա Օլեյնիկովան:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում