ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի 20-րդ հոբելյանական մրցույթը։
Մրցույթն այս տարի անցկացվում է «Spin the Magic» կարգախոսի ներքո: Մրցույթի խորհրդանիշը հայկական ավանդական նախշերով զարդարված հոլն է։
Երևանն ակտիվորեն պատրաստվում էր ընդունել «Մանկական Եվրատեսիլը», Հանրապետության հրապարակում կառուցվել է ամանորյա քաղաք՝ սահադաշտով և ատրակցիոնով։
«Մանկական Եվրատեսիլն» առաջին անգամ չէ, որ անցկացվում է Երևանում: Մրցույթն առաջին անգամ անցկացվել է Երևանում 2011 թվականին՝ երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի հաղթանակի շնորհիվ։ Այս անգամ «Մանկական Եվրատեսիլը» Հայաստան է «բերել» երգչուհի Մալենան, ով 2021 թվականին Փարիզում կայացած մրցույթում առաջին տեղն է զբաղեցրել՝ կատարելով «Քամի, քամի» երգը։
Այս տարի մրցույթին Հայաստանը ներկայացնում է 14-ամյա երգչուհի Նարեն՝ DANCE երգով: Նա հանդես կգա 15-րդ համարի ներքո: Մրցույթին ընդհանուր առմամբ կմասնակցի 16 երիտասարդ կատարող Ալբանիայից, Հայաստանից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Իռլանդիայից, Իսպանիայից, Իտալիայից, Ղազախստանից, Մալթայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Սերբիայից, Ուկրաինայից և Ֆրանսիայից։ Ադրբեջանը, Բուլղարիան և Գերմանիան տարբեր պատճառներով հրաժարվել են մասնակցել մրցույթին։
«Մանկական Եվրատեսիլի» պատմության մեջ առաջին անգամ հաղորդավարներից մեկը կլինին ռոբոտը։ Իվետ Մուկուչյանին, Կարինե Իգնաթյանին և Գարիկ Պապոյանին կմիանա Ռոբին ռոբոտը, որը հայկական Expper Technologies ընկերության մշակում է: Այն արդեն օգտագործվում է մանկական հիվանդանոցներում՝ փոքրիկ հիվանդների հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։
Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը։ Տոնական միջոցառումների շրջանակում կայացավ համերգ, որին մասնակցեցին «Մանկական Եվրատեսիլի» տարբեր տարիների հաղթողները։ Արարողության հաղորդավարներն էին 2011 թվականին Հայաստանը մրցույթում ներկայացրած երգչուհի Դալիթան, «Եվրատեսիլ 2014»-ի հայաստանյան մասնակից Արամ MP3-ը և հեռուստահաղորդավար Համլետ Առաքելյանը։
Համերգի շրջանակում ելույթ ունեցան նաև նախորդ տարվա «Մանկական Եվրատեսիլի» հաղթող Մալենան, «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Ռոզա Լինը։ Միջոցառման շրջանակում միացվեցին երկրի գլխավոր տոնածառի լույսերը:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում