Թանգարանային արձակուրդ. 10 վիրտուալ էքսկուրսիա աշխարհի լավագույն թանգարաններով (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված պայմաններում ամբողջ աշխարհում բազմաթիվ թանգարաններ տեղափոխվել են վիրտուալ աշխարհ և առաջարկում են ծանոթանալ համաշխարհային արվեստի գլուխգործոցներին և ցուցանմուշներին` կատարելով առցանց էքսկուրսիաներ, լսելով դասընթացներ և պարզապես դիտելով նկարներ։
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հավաքել է 10 հարթակ, որոնց օգնությամբ հնարավոր է վիրտուալ ձևով այցելել ամենատարբեր թանգարանները։
Էրմիտաժ
Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժը ներկայացնում է Ակսինյա Գոգի 5 ժամ տևողությամբ ֆիլմ–էքսկուրսիան, որը նկարահանվել է հեռախոսի տեսախցիկով՝ մեկ կադրով։
Թանգարանի կայքում հասանելի է նաև վիրտուալ արխիվ, չէ որ Էրմիտաժն առաջատարներից է իր հավաքածուների թվայնացման ծավալով, որոնցում ներառված է ավելի քան 3 մլն արվեստի գործ։
Լուվր
Լուվրի կայքում կարելի է դիտել կարճ տեսանյութեր գլխավոր սրահների և փարիզյան թանգարանի ցուցանմուշների մասին։ Թվայնացված տարբերակում կարելի է տեսնել մոտ 35 հազար ցուցանմուշներ, որոնց շարքում են «Ջոկոնդան», «Միլոսյան Վեներան», «Նիկե Սամոթրակյանը», ֆրանսիացի միապետերի զարդեր և այլն։
Տրետյակովյան պատկերասրահ
Թանգարանի կայքի հատուկ բաժնում կա վիդեո–էքսկուրսիա՝ նվիրված մեծամասամբ Այվազովսկու, Կուինջիի, Լարիոնովի և այլոց բլոկբաստեր ցուցահանդեսներին։ Թանգարանն իր YouTube-յան ալիքում գործարկել է «Третьяковка дома» նախագիծ, որի շրջանակում ամեն օր ցուցադրվելու է մշտական էքսպոզիցիայի աշխատանքներից մեկը։
Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարան (МоМА)
Մանհեթենում գտնվող ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր հարթակներից մեկը ներառում է մոտ 10 հազար հեղինակների ավելի քան 200 հազար աշխատանք, որոնց թվում են հայտնի Մատիսի «Պարը», Վան Գոգի «Աստղալից գիշերը» և Պիկասոյի «Քնած գյուղացիները»։ Թանգարանի կայքի վիրտուալ արխիվում պահվում է թանգարանի մոտ 65 հազար թվայնացված կտավ։
Վիեննայի արվեստի պատմության թանգարան
Վիեննայի արվեստի պատմության թանգարանն իր 125-ամյա հոբելյանի կապակցությամբ թվայնացրել է մոտ 11 հազար ցուցանմուշ՝ եգիպտական մասունքներից մինչև Վերածննդի և կլասիցիզմի գեղանկարչության գլուխգործոցներ։ Վիրտուալ արխիվում հնարավոր է ծանոթանալ Բոսխի, Յան վան Էյքի, Պիտեր և Յան Բրեյգելների, Ռաֆայել Սանտիի և շատ այլոց աշխատանքներին։
Ա. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարան
Ա. Ս. Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանն առաջարկում է օնլայն զբոսանք իր սրահներով, մասնավորապես, գլխավոր մասնաշենքով, XIX—XX դարերի Եվրոպայի և Ամերիկայի արվեստի պատկերասրահով, անձնական հավաքածուների սրահով և այլն: Վիրտուալ այց կարելի է կատարել ֆոտոպանորամայի ռեժիմով` աուդիոուղեկցորդների մասնակցությամբ և տեքստային բացատրություններով, ինչպես նաև բջջային սարքավորումների վրա 3D-տարբերակով VR-ակնոցների օգնությամբ:
Ի դեպ թանգարանի YouTube-ի ալիքում հնարավոր է դիտել վարողների և հրավիրված խոսնակների դասախոսությունները և էքսկուրսիաներ:
Բրիտանական թանգարան
Բրիտանական թանգարանի թվայնացված արխիվում ներառվել է 3,5 միլիոն ցուցանմուշ: Մշտապես թարմացվող առցանց ցուցասրահում կարելի է գտնել արվեստի կարևոր գտածոներ և գլուխգործոցներ ողջ աշխարհից` սկսած հին եգիպտական արձաններից մինչև Դեմիեն Հիրսթի ստեղծագործությունները:
Պրադո թանգարան
Պրադո թանգարանն ունի արվեստի ստեղծագործությունների նշանակալի հավաքածու, որոնց թվում են Վելասկեսի, Բոսխի, Գոյայի և Էլ Գրեկոյի աշխատանքները: Թանգարանի կայքի վիրտուալ տարբերակում ներկայացված են իսպանական գեղանկարչության ավելի քան 11 հազ. գլուխգործոցներ, ամեն ցուցանմուշին կցված է փոքր դասախոսություն:
«Յանդեքսի» նեյրոցանցային արվեստի վիրտուալ պատկերասրահ
Նախագծի կայքում ներկայացված է 4 հազ. նկար, որոնք ստեղծվել են արհեստական բանականության կողմից արվեստի հայտնի ստեղծագործությունների հիման վրա, որոնք պատկանում են գեղանկարչության տարբեր ուղղություններին՝ սկսած ֆովիզմից մինչև մինիմալիզմ և սթրիտ արտ: Սա բառացիորեն վիրտուալ արվեստ է:
Google Arts&Culture
Աշխարհի 500 ամենահայտնի թանգարաններն առաջարկում են անվճար վիրտուալ զբոսանքներ, որոնք կարելի է գտնել Google Arts&Culture-ի կայքում: Առցանց զբոսանքը կարելի է կատարել տասնյակ խոշորագույն թանգարաններով, որոնց թվում են Վան Գոգի թանգարանը, Դոլորես Օլմեդո թանգարանը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը, Լոնդոնի ազգային պատկերասրահը, Մունկի թանգարանը և այլն:
Բոնուս
Հրեական թանգարանը ներկայացրել է նոր թվայնացված ցուցահանդես` Հոլոքոստը վերապրած սիրահարների մասին:-0-