ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Երևանում մեկնարկել են «Մեր բակը 25 տարի անց» ֆիլմի նկարահանումները։
Այս մասին հայտնում է Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքը։
«Այսօր սկսվել են «Մեր բակը 25 տարի անց» ֆիլմի նկարահանումները», – նշվում է Հանրային ռադիոյի երիտասարդական ալիքի Facebook–յան էջում։
«Մեր բակը» նախագիծը միավորում է միանման գաղափարներով 3 ֆիլմ երևանյան բակի կյանքի մասին։ Առաջին ֆիլմի պրեմիերան կայացել է 1997 թվականին՝ Ամանորի գիշերը։ «Մեր բակը» երաժշտական կատակերգությունը պատմություն է երևանյան մի տիպային բակի առօրյայից՝ իր ներքին մանր խարդավանքներով, փողոցային պարզաբանումներով, սիրային պատմություններով։ Կինոնկարի կերպարներից են շենքի լիազորը, որին բոլորն անհանգստացնում են իրենց անվերջ բողոքներով, ոչ մի լուր բաց չթողնող, բամբասկոտ հարևանուհին, ընթերցասեր և մեծ գրողներից մեջբերումներ անող տաղտկալի ու տարօրինակ ամուրին, անհաջողակ նկարիչը, բարեհոգի պաշտոնյան և շատ ու շատ ուրիշներ։ Նրանց փոխհարաբերություններն այնքան էլ սովորական չեն, երբեմն՝ նույնիսկ լարված են, բայց երբ օտար մարդիկ փորձում են բնակություն հաստատել բակում՝ բոլոր հարևանները մոռանում են իրենց տարաձայնություններն ու հարևանաբար պաշտպանում իրար՝ ձգտելով պահպանել հարազատ բակի ոգին ու ավանդույթները։
«Մեր բակն» ունեցել է 3 մաս։ Առաջին «Մեր բակի» պրեմիերան կայացել է 1997թ.–ին, երկրորդը` 1998թ.–ին, երրորդը`2006թ.–ին։–0–