ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Christie's աճուրդում վաճառվել է ամերիկացի նկարիչ Էնդի Ուորհոլի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը` Մերլին Մոնրոյի դիմանկարը` Shot Sage Blue Marilyn, հաղորդում է ՌԲԿ–ն` հղում անելով աճուրդի տան կայքին։
Եզրափակիչ գինը կազմել է 195մլն դոլար։ Ինչպես գրում է Bloomberg–ը, նկարը դարձել է 20–րդ դարի արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը, որը վաճառվել է աճուրդում, արվեստի ամենաթանկ ամերիկյան ստեղծագործությունը, որը ներկայացվել է աճուրդում և իր արժեքով երկրորդ ստեղծագործությունն աշխարհում, որը հրապարակայնորեն վաճառվել է։ Առաջին տեղում է Լեոնարդո դա Վինչիի Salvator Mundi նկարը, որն աճուրդում վաճառվել է 450մլն դոլարով։
Գործակալության տվյալներով, Մոնրոյի նկարը գնել է արթ–դիլլեր Լարի Գագոսյանը։ Ուորհորլի ստեղծագործության վաճառքից ստացված ամբողջ եկամուտը կփոխանցվի բարեգործական հիմնադրամին։
Shot Sage Blue Marilyn ստեղծագործությունը ստեղծվել է 1964թ.–ին` Մերլին Մոնրոյի մահից երկու տարի անց։ Ստեղծագործությունը ստեղծված է ակրիլային ներկով, նկարի չափսը 101,6 х 101,6 սմ է։ Այն ներառված է Մերլին Մոնրոյի հինգ դիմանկարների շարքում, որոնք միմյանցից տարբերվում են գույներով։
Երբ Ուորհոլն ավարտել է նկարների շարքը, տեղի է ունեցել հետաքրքիր միջադեպ։ Նկարչի ստուդիա է եկել նրա ծանոթ կանանցից մեկ, ով հարցրել է վարպետին, թե կարող է կրակել նկարների ուղղությամբ։ Կինն օգտվել է այն հանգամանքից, որ «shoot» բառն անգլերեն ունի երկու նշանակություն` «կրակել» և «լուսանկարել»։ Ուորհոլը, վստահ լինելով, որ կինն ի նկատի ունի լուսանկարել, համաձայնվել է, ինչից հետո կինը հանել է ատրճանակն ու կրակել նկարների ուղղությամբ։ Արդյունքում, իրար կողք դրված չորս նկարների անվան մեջ հայտնվել է «Shot» բառը, 5–րդ նկարը դրված էր առանձին և չէր վնասվել։
Shot Sage Blue Marilyn–ը 35 այլ լոտերի հետ աճուրդի տանն է փոխանցվել Ցյուրիխում գործող Թոմաս և Դորիս Ամանների հիմնադրամի կողմից երկու կոլեկցիոներների մահից հետո։
Ինչպես հայտնում են բաց աղբյուրները, Լարի Գագոսյանը ծնվել է 1945թ.–ին Լոս Անջելեսում, նրա տատն ու պապը ծնունդով Երևանից են։–0–