ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. 103 տարեկանում կյանքից հեռացել է հոլիվուդյան դերասան Քըրք Դուգլասը։ Այս մասին չորեքշաբթի Instagram–ի իր էջում տեղեկացրել է նրա որդին` դերասան Մայքլ Դուգլասը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։
«Աշխարհի համար նա լեգենդ էր, կինեմատոգրաֆի «ոսկե դարաշրջանի» դերասան, ով ապրել է մինչև զառամյալ տարիներ։ Նա նաև եղել է հումանիստ, որը բոլորին ծառայում էր որպես օրինակ արդարության ու իդեալների նկատմամբ ունեցած իր հավատարմությամբ», – գրել է Մայքլ Դուգլասը։
Նա նաև ընդգծել է, որ դերասանը «ժառանգություն է թողնում կինեմատոգրաֆում, որը կպահպանվի մի քանի սերունդների ընթացքում»։
Ինչպես նշել է Մայքլ Դուգլասը, իր հայրը «հայտնի ֆիլանտրոպ էր, ով աշխատում էր` ի բարօրություն աշխարհին և խաղաղության»։–0–