ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ոսկե ծիրան» Երևանի XIII միջազգային կինոփառատոնը կիրակի մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ փառատոնի մեծ ընկեր, իրանական կինոյի դասական Աբաս Քիառոսթամիի։
Իրանցի հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Քիառոսթամին մահացել է հուլիսի 4–ին Փարիզում ծանր հիվանդության հետևանքով։ Քիառոսթամին 76 տարեկան էր։ Նա Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու», Վենետիկի կինոփառատոնի հատուկ մրցանակի դափնեկիր է։
«Չնայած որ տարին ծանր էր Հայաստանի համար, այդուհանդերձ, իշխանությունների և մեր ընկերների շնորհիվ փառատոնը կայացավ», – ասաց փառատոնի հիմնադիր և տնօրեն Հարություն Խաչատրյանը։
«Չնայած արվեստի ոլորտում աշխատելը միշտ ծանր է, մենք ճիշտ ուղու վրա ենք», – ավելացրեց նա։

Փառատոնի բացման հանդիսավոր արարողության ընթացքում ցուցադրվեցին 12 ֆիլմերի թրեյլները, որոնք ներառված են խաղարկային կինոյի մրցութային ծրագրում և ներկայացված են ժյուրիի անդամներին։ Կազմակերպիչները ներկայացրեցին ոչ միայն միջազգային պրեմիերաներ և հայտնի ռեժիսորների վարպետության դասեր, այլ նաև ջազային համերգներ, որոնք կկազմակերպվեն ողջ շաբաթվա ընթացքում ։
Ծիրանի օծման արարողությամբ նշանավորվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացումը>>
Խոսվեց ևս մեկ ուրախալի իրադարձության մասին. Երևանում գտնվող Սերգեյ Փարաջանովի տուն թանգարանը Եվրոպական կինոակադեմիայի կողմից ներառվել է «Եվրոպական կինոմշակույթի գանձերի» ցանկում։
Փառատոնը մեկնարկեց Համո Բեկնազարյանի «Զարե» ֆիլմի ցուցադրությամբ, որը նկարահանվել է 1926 թ.–ին և վերջերս թվայնացվել է Մոսկվայում։
Հռչակավոր հայ կինոգործիչների երեք աստղեր «վառվեցին» Երևանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)>>
Կինոփառատոնի շրջանակում կցուցադրվեն համաշխարհային կինեմատոգրաֆի վարպետների գլուխգործոցները «Երևանյան պրեմիերա», «Հայացք դրսից և ներսից», «Հատուկ ցուցադրում», «Հայ կինո. նոր ժամանակներ», «Շեքսպիրն ապրում է կինոյում», «Ֆրանսիական կինոծրագիր», «Դանիական նոր կինո» և «Բասկական նոր կինո» ծրագրերի շրջանակում։

ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է:
«Ոսկե ծիրան» 13–րդ միջազգային կինոփառատոնին կներկայացվի մոտ 135 ֆիլմ։ Այս տարի փառատոնի պատվավոր հյուրը կլինի բրիտանացի կինոդերասանուհի, համաշխարհային կինեմատոգրաֆի աստղ Ժակլին Բիսեթը։
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվում է 2004թ.-ից, այն տարածաշրջանի ամենաճանաչված փառատոներից մեկն է: Փառատոնը կազմակերպվում է ՀՀ մշակույթի նախարարության և VivaCell-MTS ընկերության աջակցությամբ։ Տարբեր տարիներին Հայաստան են ժամանել հայտնի դերասաններ և ռեժիսորներ, որոնց թվում նաև` գրող և սցենարիստ Տոնինո Գուերան, հայտնի դերասանուհիներ Կլաուդիա Կարդինալեն և Ֆանի Արդանը։
2010 թվակաժնին Երևանի կինոփառատոնն արժանացավ Ficts Plate D'honneur կինոյի, հեռուստատեսության և սպորտի միջազգային միության գլխավոր մրցանակին:–0–