Սնուփ Դոգի համերգը կազմակերպող ընկերությունից պահանջել ենք ներկայացնել համերգի ժամկետները. նախարար

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստ-Արմենիա/. Չեմ կարող հայտնել, թե երբ տեղի կունենա. այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով Սնուփ Դոգի՝ Հայաստանում կայանալիք համերգին։
Նրա մեկնաբանմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունն ընդամենը ֆինանսավորող կողմ է, բանակցությունները և կազմակերպումն ամբողջությամբ «Դոփինգ Սփեյս» ընկերության գոտում է։
«Մենք նրանցից գրավոր հարցմամբ պահանջել ենք ներկայացնել համերգի հնարավոր ժամկետները, ինչպես նախատեսված է պայմանագրով։ Սպասում ենք նրանց արձագանքին»,- նշեց նախարարը։
Անդրեասյանը հավելեց, որ ըստ տեղեկությունների՝ բանակցություններ են գնում այդ օրերի շուրջ։
«Այս պահին հավելյալ նորություն չկա։ Ելքը երկուսը կարող է լինել. կամ կհամաձայնեցնեն և համերգը տեղի կունենա, կամ եթե երգչի հետ համաձայնության չգան և համերգը տեղի չունենա, բնականաբար ամբողջ պարտավորվածությունը կլուծվի և բոլոր գումարները կվերադարձվեն»,- ընդգծեց նախարարը։
Հիշեցնենք, որ ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի համերգը Հայաստանում նախատեսված էր 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, սակայն հետաձգվել էր՝ Արցախում Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և դրան հետևած իրադարձությունների պատճառով։