ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Սպարտակ» բալետային ներկայացումը երկարատև դադարից հետո դարձյալ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասացին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանը:
Արա Խզմալյանը նշեց պատճառները, թե ինչու որոշվեց հենց «Սպարտակ» բալետային ներկայացումը կրկին բեմադրել տևական դադարից հետո:
«Մենք ուղղակի մի մղձավանջի միջով անցանք նախորդ տարի, երբ մարդկությունը դրա փորձը չուներ ու աննախադեպ իրավիճակում հայտնվեցինք, և հանկարծ փակվեցին բոլոր կառույցները, այդ թվում` մշակութային հաստատությունները: Իմ պատկերացմամբ ամենածանր և ամենավտանգված վիճակում հայտնվեց հենց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը»,-ասաց Արա Խզմալյանը:
Նրա խոսքով՝ արվեստի մի շարք ոլորտներում այս կամ այն կերպ փորձում էին առցանց ձևով կապը հանդիսատեսի հետ պահել, ընդ որում նույն Օպերայի և բալետի թատրոնը ևս մի շարք առցանց ծրագրեր իրականացրեց: Բայց ամեն դեպքում, ըստ նախարարի տեղակալի, ամենաշատ մարզական վիճակ պահանջող և մշտապես մարզական վիճակում լինելու անհրաժեշտություն ունեցող արվեստը օպերայի և բալետի արվեստն է:
«Ձայնալարերի մարզվածությունը նկատի ունեմ, ֆիզիկական հսկայական պատրաստվածության խնդիր կար, և օբյեկտիվ հանգամանքների բերումով, ամբողջ ստեղծագործական կազմը մատնվեց այսպես կոչված հարկադիր պարապուրդի, որը ուղղակի աղետալի հետևանքներ կարող էր ունենալ մեր խմբերի մասնագիտական պատրաստվածության վրա»,- նշեց Խզմալյանը:
Փետրվարի 5-ին՝ հետպատերազմական իրավիճակում, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական խորհուրդը որոշեց, որ ցանկում պետք է ներառել «Սպարտակ» բալետային ներկայացումը:
«Այս ներկայացումը երկու կարևոր նպատակ էր հետապնդում: Նախ սա այն բացառիկ ներկայացումն է, որը կարող է մոբիլիզացնել ամբողջ թատերախումբը և միանգամից այս փորձերի և ներկայացումների արդյունքում մարզական վիճակը հետ բերել, վերականգնել աշխատանքային ռեժիմը: Եվ երկրոդը, այս շրջանում մենք կարիք ունենք այնպիսի գեղարվեստական և մշակութային միջոցառումների իրականացման, որոնք նպատակ ունեն վերականգնելու բարոյահոգեբանական մթնոլորտը, վերադարձնելու հերոսական ապրումները, հերոսական զգացմունքները, հաղթական ապրումները»,-ընդգծեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը:
Խզմալյանի պնդմամբ՝ դժվար է պատկերացնել ավելի մեծ գործ, քան «Սպարտակ»-ն է: Եվ, ըստ էության, այս երկու նպատակների իրագործման տեսակետից, «Սպարտակ» -ի վերականգնումն ուղղակի խփում է ճիշտ նշանակետին:
Օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրեն Հրաչ Գրիգորյանի խոսքով էլ բեմադրման գործում որոշակի փոփոխություններ են կատարվել՝ բեմի լայնություն-երկարությունն է փոխվել, դեկորացիան, հագուստները:
«Եթե նախորդ տարիների ներկայացումները մոտ չէին մեծ թատրոնի «Սպարտակ»-ին, հիմա և´ երաժշտական, և´ բեմադրական առումով ինչ-որ փոփոխություններ կատարվել են: Միզանսցենում են որոշ փոփոխություններ եղել, որքան հնարավոր է եղել նաև բեմական զգեստներ ենք թարմացրել»,- ասաց
Գրիգորյանը:
Նա հավելեց նաև, որ լույսերի հետ կապված ևս խնդիրներ կային, բայց ի վերջո դրանք կարգավորվեցին և օպերայի դահլիճը նոր գունային գամայով կներկայացվի: Իսկ բեմադրության մասնակիցները 24–ժամյա ռեժիմով աշխատում են, որպեսզի հիանալի ներկայացում ստացվի: --0--
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում