Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացել է BAFTA հեղինակավոր մրցանակին

17.02.2025, 11:43
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացել է Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի մրցանակին՝ «Լավագույն քասթինգ» անվանակարգում
Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացել է BAFTA հեղինակավոր մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Ռեժիսոր Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմն արժանացել է Կինոյի և հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիայի մրցանակին՝ «Լավագույն քասթինգ» անվանակարգում, գրում է The Voice Mag-ը։

Գլխավոր դերասան Յուրա Բորիսովը, ով առաջադրվել էր «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում, մրցանակի չարժանացավ, նրա փոխարեն մրցանակին արժանացավ Քիրան Քալքինը «Իրական ցավեր» ֆիլմում կատարած աշխատանքի համար:

Երեկ Լոնդոնի Royal Festival Hall-ում կայացել է բրիտանական գլխավոր կինոմրցանակաբաշխության 78-րդ արարողությունը։

Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներկայացվել է նաև «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասանուհի» (Մայքի Մեդիսոն), «Լավագույն ռեժիսոր» (Շոն Բեյքեր) և «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում։

«Անորա»–ի մասին

Ֆիլմը նյույորքցի մերկապարուհու և ռուս օլիգարխի որդու մասին է։ Այն ինչ-որ առումով կարելի է համարել «Սիրունիկը» կուլտային ֆիլմի ժամանակակից վերապատմումը։

Ավելի վաղ «Անորան» 2024 թվականի Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու», ինչպես նաև ճանաչվել է 2024 թվականի լավագույն ֆիլմը՝ ըստ World of Reel ռեսուրսի։ Բեյքերի աշխատանքը առաջադրվել է նաև Օսկարի։