Հայաստանը միջազգային մակարդակի ռոք–փառատոն է կազմակերպում
ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Epic Air Rock Fest 2017–ը կդառնա ռոք–երաժշտության ամենամյա փառատոն, որին կմասնակցեն տարբեր երկրների հայտնի երաժիշտներ։
Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասաց «EPIC» նախագծի համահիմնադիր և համակարգող Գևորգ Ավետիսյանը։
Epic Air Rock Fest 2017 փառատոնը կանցկացվի Epic միջազգային ամառային դպրոցի շրջանակում Ծաղկաձորում օգոստոսի 12–13–ը։
«Երաժշտական և տեխնիկական հագեցվածության տեսանկյունից մենք կարող ենք մրցակցել հայտնի ռոք–փառատոնների հետ», – ասաց նա։
Հայաստանի ռոք ասոցացիայի նախագահ Վարդան Գրիգորյանի խոսքով, փառատոնին ելույթ կունենան լավագույն հայկական ռոք–խմբերը` Dogma–ն, EMPYRAY–ը, Vostan Hayots–ը, Nemra–ն, Vordan Karmirm–ը, Vishup Ensemble–ը և երկու խումբ Վրաստանից։
«Փառատոնը կլինի բարձրորակ ինչպես տեխնիկական, այնպես էլ կատարողական տեսանկյունից։ Բոլոր խմբերը մանրամասն պատրաստվելու են։ Հաջորդ տարիներին նախատեսվում է ընդլայնել փառատոնի սահմանները և ներգրավել երաժիշտներ Բրիտանիայից և Շվեդիայից, որոնց հետ արդեն ձեռք է բերվել պայմանավորվածություն», – նշեց նա։
Ասուլիսի ընթացքում ներկայացվեցին «EPIC Open Air Rock Fest 2017» նախագծի նպատակները, միջոցառման մասակցության պայմանները և օրակարգը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Գոհար Ալոյանը տեղեկացրեց, որ կոմիտեն կարևորում է նման նախաձեռնությունները, ինչպիսին «EPIC» ամառային դպրոցն է և նրա շրջանակում անցկացվող ռոք փառատոնը։
«Այն թույլ կտա ներգրավել նոր և ավելի հետաքրքիր հասարակություն։ Հայաստանը կճանաչեն ոչ միայն որպես հարուստ պատմամշակութային մեծ ժառանգություն ունեցող երկիր, այլ նաև երկիր, ուր կարելի է գնալ պարզապես լավ ժամանց անցկացնելու համար»-ավելացրել է Գորհար Ալոյանը։
«Սա հրաշալի տոն է ոչ միայն ռոքասերների, այլ նաև բոլոր երաժշտասերների համար։ EPIC Open Air Rock Fest 2017-ն արդեն իսկ ճանաչվել է ԱՊՀ երկրների տարածքում լավագույն 5 երաժշտական փառատոններից մեկը»,-ասուլիսի ընթացքում տեղեկացրել է «EPIC» նախագծի համահիմնադիր Գևորգ Ավետիսյանը։
Epic Air Rock Fest 2017 փառատոնը կազմակերպվում է «Ռոստելեկոմ» ընկերության աջակցությամբ։
«Ռոստելեկոմ» ԲԲԸ–ի հայկական դուստր ընկերությունը` «GNC-ALFA» ՓԲԸ–ն, 2012 թ.–ի դեկտեմբերից սկսել է կապի ծառայություններ մատուցել Հայաստանի տարածքում Rostelecom ապրանքանիշի ներքո։
Ընկերության օպտիկամանրաթելային ցանցը ծածկում է Հայաստանի տարածքի 80 տոկոսն` ավելի քան 2500 կմ ընդհանուր երկարությամբ։ Ցանցը միացված է հիմնական տարածաշրջանային մայրուղային ցանցերին և տրաֆիկի փոխանակման խոշոր հանգույցներին, ինչպես նաև Վրաստանի և Իրանի տարածքով անցնող միջազգային խողովակներին։ –0–