Երևանում անցկացվում է «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարը` նվիրված Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին

ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մատենադարանում հոկտեմբերի 27–29–ն անցկացվում է «Հիշողության կերպարանքները» ամենամյա 5–րդ միջազգային սեմինարը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին:
Սեմինարն անցկացվում է «Վերածնված մշակույթ, վերապրած ձեռագրեր» խորագրի ներքո։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Ավստրիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, Լատվիայի, Ղազախստանի և Վրաստանի առաջատար կենտրոնների փորձագետները։
Սեմինարի շրջանակում նախատեսված են տարբեր մշակութային միջոցառումներ։ Մասնավորապես, տեղի կունենա ակադեմիկոս Ալեքսեյ Լիդովի «Ախթալայի վանքի որմնանկարները» աշխատության շնորհանդեսը, ինչպես նաև կստորագրվեն համագործակցության տարբեր պայմանագրեր։
««Հիշողության կերպարանքները» ամենամյա սեմինարն այս տարի նվիրված է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին, ինչի կապակցությամբ մենք կազմակերպել ենք մի շարք գիտաժողովներ և ցուցահանդեսներ «Վերապրած ձեռագրեր» ընդհանուր վերնագրի ներքո», – իր խոսքում նշեց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը։
Նրա խոսքով` Մատենադարանի ողջ գործունեությունը կապված է մշակութային ժառանգության փրկված գլուխգործոցների պահպանման և վերականգնման հետ։ Նա նշեց, որ ցեղասպանությունից փրկված կարելի է համարել Մատենադարանում և աշխարհի տարբեր անկյուններում պահվող հայկական ողջ ձեռագիր ժառանգությունը։
«Դրանց թվում են հազարավոր օտարալեզու, մասնավորապես, արաբերեն ձեռագրեր, տարբեր ժողովածուներ, գիտական աշխատություններ, կրոնական բովանդակությամբ գրքեր։ Զարմանալի է այն, որ դրանց թվում կան նաև օսմաներեն ձեռագրեր», – ավելացրեց Թամրազյանը։
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր հերթին նշեց, որ սեմինարը Հայաստանում անցկացվում է 2011 թ.–ից` ընդգծելով, որ այս միջոցառումը երկար կենսագրություն է ունենալու։
Նա ընդգծեց, որ միջոցառման կարևոր բաղադրիչ է նշանաբանը` «Վերածնված մշակույթ, վերապրած ձեռագրեր»։
«Այս տարի Հայաստանում նշվում է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը, և Մատենադարանը կարևոր դերակատարություն է ունեցել բոլոր միջոցառումներում», – նշեց Պողոսյանը։
Սեմինարն անցկացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հասարակական կազմակերպություններին տրամադրած դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում։ –0–