Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)

07.08.2017, 14:37
Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին։
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» կցուցադրվի նաև Վենետիկի կինոփառատոնում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/.  Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը Շանհայի միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցած համաշխարհային պրեմիերայից հետո, ցուցադրվելու է նաև Իտալիայում՝ Վենետիկի կինոփառատոնում: Այս մասին հաղորդում է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի մամուլի ծառայությունը։   

Загружается новость ... "Право"

Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում ֆիլմի ներկայացումն ու ցուցադրությունները նախատեսվում են սեպտեմբերին, նախատեսված են հանդիպումներ, քննարկումներ կինոոլորտի ականավոր ներկայացուցիչների, դիստրիբյուտորների, վաճառքի գործակալների, պրոդյուսերների հետ` «Վերջին բնակիչը» ֆիլմի, ռեժիսորի հաջորդ՝ «Դրախտի դարպասը» կինոնախագծի և առաջիկա այլ ծրագրերի հետ կապված։

«Անհրաժեշտ է հայկական կինոյի զարգացման որակական մի նոր վերելք ամրագրենք աշխարհում, միջազգային հարթակներում նպաստենք դրա հեղինակության բարձրացմանը: Ես դա փորձում եմ անել իմ ֆիլմերի միջոցով՝ համընդհանուր ուշադրության արժանացնելով հայկական կինոն և վեր հանելով համահայկական նշանակության հիմնախնդիրներ՝ ներառյալ ղարաբաղյան խնդիրը»,- ասել է Ջիվան Ավետիսյանը։

Սեպտեմբերի 5-ին ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնի Venice production Bridge-ում, որի ժամանակ, բացի տարբեր հյուրերից, ներկա կլինեն ֆիլմի ստեղծագործական և դերասանական կազմերի անդամներ։
 

Ֆիլմն առաջադրվել է 2017թ. «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը՝ լավագույն «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, որին ներկայացված է եղել 65 ֆիլմ։ Այդ առիթով էլ, Լոս Անջելեսի առաջատար հյուրանոցներից՝ «Four Seasons Hotel»-ում կայացել է ֆիլմի փակ ցուցադրությունը։

Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը և հոգեկան խանգարումով հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում և բերում է աղջկան՝ Յուրգային:

«Վերջին բնակիչը» Ջիվան Ավետիսյանի երկրորդ ֆիլմն է։ -0-