Գարիկ Մարտիրոսյանը դարձել է պատանի հայ երգչուհու թարգմանիչը

08.02.2017, 14:31
Հանրաճանաչ հայ շոումեն Գարիկ Մարտիրոսյանը դարձել է պատանի երգչուհի Անգելինա Պապիկյանի թարգմանիչը, ով կմասնակցի ՆՏՎ հեռուստատեսությամբ փետրվարի 11-ից մեկնարկող «Ты супер!» միջազգային մանկական վոկալ մրցույթին:
Գարիկ Մարտիրոսյանը դարձել է պատանի հայ երգչուհու թարգմանիչը
ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հանրաճանաչ հայ շոումեն Գարիկ Մարտիրոսյանը դարձել է պատանի երգչուհի Անգելինա Պապիկյանի թարգմանիչը, ով կմասնակցի ՆՏՎ հեռուստատեսությամբ փետրվարի 11-ից մեկնարկող «Ты супер!» միջազգային մանկական վոկալ մրցույթին:

Մրցույթը հնարավորություն կընձեռի առանց ծնողական խնամքի մնացած տաղանդավոր երեխաներին ներկայանալ հանրությանը: Վերջին երկու շաբաթվա ընթացքում երեխաները պատրաստվում էին առաջին ելույթներին: Օրերս մեկնարկել են նկարահանումները և, վերջապես, մասնակիցների առջև կլինի այն բաղձալի բեմը, հանդիսատեսը, աստղային ժյուրին և լուսարձակների աչք շլացնող լույսը, հաղորդում է ՆՏՎ-ն:

Մրցույթին մասնակցում են երեխաներ Աբխազիայից, Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Մոլդովայից, Էստոնիայից, Հարավային Օսեթիայից և Ռուսաստանից: Նախագծի երգչուհիներից մեկն է Անգելինա Պապիկյանը, ով ներկայացնում է Հայաստանը: Եղբոր հետ միասին նա սովորում է գիշերօթիկ դպրոցում: Անգելինան լավ չի խոսում ռուսերեն և ելույթ կունենա հայերեն։

Հայաստանի մասնակցին աջակցելու է եկել հանրաճանաչ հումորիստ, Comedy Club շոուի պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը, ով աղջկան զվարճալի փափուկ պինգվին է նվիրել: Սակայն դրանով անակնկալները չեն վերջացրել: Մարտիրոսյանը դարձել է Անգելինայի անհատական թարգմանիչը և օգնել շփվել ժյուրիի հետ:

«Այժմ կարող եմ պաշտոնապես աշխատել նաև որպես թարգմանիչ: Հուսով եմ, որ իմ կարճահասակ, սակայն մեծ պետը գոհ է մնացել իրեն մատուցված ծառայություններից: Մաղթում եմ Անգելինային հաղթանակ այս մրցույթում և ողջ Հայաստանի անունից ասում` «Աղջի'կ, մենք հպարտ ենք քեզնով, առա'ջ», - ասել է Մարտիրոսյանը: -0-