«Եվրատեսիլի» կազմակերպիչը կուսումնասիրի մրցույթի արդյունքների վերանայման հայցադիմումը

17.05.2016, 15:41
Եվրոպական հեռարձակողների միությունը պատրաստ է քննարկել change.org կայքում հրապարակված հայցադիմումը, որը վերաբերում է Ստոկհոլմում կայացած մրցույթի եզրափակչի արդյունքների վերանայմանը։
 «Եվրատեսիլի» կազմակերպիչը կուսումնասիրի մրցույթի արդյունքների վերանայման հայցադիմումը

ԵՐԵՎԱՆ,. 17 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվրոպական հեռարձակողների միությունը (European Broadcasting Union, EBU), որը «Եվրատեսիլի» կազմակերպիչն ու սեփականատերն է, պատրաստ է քննարկել change.org կայքում հրապարակված հայցադիմումը, որը վերաբերում է Ստոկհոլմում կայացած մրցույթի եզրափակչի արդյունքների վերանայմանը։

Change.org կայքում հրապարակված հայցադիմումը Երևանի ժամանակով ժամը 14։30–ին արդեն հավաքել էր մոտ 215 հազար ձայն։

Իվետա Մուկուչյանը «Եվրատեսիլ 2016»-ում զբաղեցրեց 7-րդ տեղը, հաղթեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան>>

«Մենք տեղյակ ենք հայցադիմումի մասին, և հարցը կքննարկվի այսօր` մայիսի 17–ին, EBU–ի պատասխանը կհրապարակվի ավելի ուշ», – հայտարարել է EBU–ի մամուլի քարտուղար Փոլ Ջորդանը, հաղորդում է Lenta.ru–ն։

Ջորդանը, սակայն, «քիչ հավանական է համարում, որ արդյունքները կվերանայվեն»։

Հայցադիմումը հեղինակը ՀՀ քաղաքացի Արթուր Հովհաննիսյանն է, սակայն նրա հայցադիմումին աջակցել են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Իսպանիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Շվեդիայի և այլ երկրների բնակիչները։ Հայցադիմումի տակ ստորագրածների թվում կան նաև Ուկրաինայի բնակիչներ։

«Մենք հասկանում ենք, որ ընտրություն կատարել էմոցիոնալ տեսակետից բարդ գործ է, սակայն հայցադիմումի տակ ստորագրած մարդկանց թիվը վկայում է այն մասին, թե որքան շատ են այն մարդիկ, ովքեր համոզված են, որ այս տարի մրցույթի «հաղթողն» ամենևին այն մարդը չէ, ով պետք է հաղթեր», – հայցադիմումի մեջ նշել է Հովհաննիսյանը։

Հայցադիմումի տակ իրենց մեկնաբանություններն են գրել Սերբիայի, Խորվաթիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի, Իսպանիայի, Մալթայի և այլ երկրների բնակիչները։

Ուկրաինան ներկայացնող 32–ամյա Ջամալան հաղթել է «Եվրատեսիլ 2016» մրցույթում` հավաքելով 534 միավոր։ 12 միավոր երգչուհին արժանացել է Վրաստանի, Դանիայի, Մոլդովայի, Լատվիայի, Իսրայելի, Սան Մարինոյի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սերբիայի, Մակեդոնիայի, Լեհաստանի և Սլովենիայի միջազգային ժյուրիի կողմից։ –0–