Դիլիջանն առաջին անգամ հյուրընկալում է Մնջախաղի միջազգային փառատոնի մասնակիցներին

12.08.2016, 15:47
Դիլիջանն առաջին անգամ հյուրընկալում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը:

 Դիլիջանն առաջին անգամ հյուրընկալում է Մնջախաղի միջազգային փառատոնի մասնակիցներին
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Դիլիջանն առաջին անգամ հյուրընկալում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը:

 - рис.1

Գեղատեսիլ քաղաքի ամառային ամֆիթատրոնում իրենց յուրօրինակ համարները ցուցադրեցին Հայաստանը, Ռուսաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Վրաստանն ու Ուկրաինան ներկայացնող մասնակիցները։ Դերասանների բոլոր ելույթներն արժանանում էին բուռն ծափահարությունների։

 - рис.2

Մնջախաղի փառատոնը մեկնարկել է Ծաղկաձորում օգոստոսի 10–ին։ Բացի մնջախաղից, փառատոնի ծրագրում ներառված են եկեղեցական, պարային, ակրոբատիկ, աճպարարական համարներ։

 - рис.3

Փառատոնին մասնակցում են Սերբիան, Վրաստանը, Իրանը, Ուկրաինան, Ռուսաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունն ու Ֆրանսիան ներկայացնող թատերախմբերը։ Հաջորդ տարվանից փառատոնը կդառնա ամենամյա և կանցկացվի նաև Հայաստանի մյուս քաղաքներում։ Իսկ այս տարի բեմադրություններ են ներկայացվում Երևանի Հյուսիսային պողոտայում և Դիլիջանի բացօթյա ամֆիթատրոնում։

 - рис.4

Հայաստանը Մնջախաղի 5–րդ փառատոնում կներկայացնեն Մնջախաղի պետական թատրոնը, ինչպես նաև Մնջախաղի թատրոնին կից խուլերի «Մենք» մնջախաղի թատրոն–ստուդիան։

 - рис.5

Փառատոնի օրերին կանցկացվեն վարպետության դասեր, նախատեսված է նաև Առաջին համաշխարհային կոնֆերանսը` Մնջախաղի միջազգային կազմակերպության նախագահ Մարկո Ստոյանովիչի մասնակցությամբ, ով աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան, միմոս և կատակերգու Մարսել Մարսոյի աշակերտն է։

 - рис.6

«Փառատոնն իր գոյության ընթացքում դարձել է սիրելի և սպասված իրադարձություն։ Հանդիսատեսի թիվը տարեց տարի ավելանում է։ Կարող եմ ասել, որ մեր փառատոնը բոլորի համար է, քանի որ մնջախաղի ժանրը թարգմանության կարիք չունի», – նշեց Ժիրայր Դադասյանը, ով փառատոնի կազմակերպչի` Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։ 

 - рис.7

Փառատոնի օրերին գործում է Երևան-Ծաղկաձոր-Երևան անվճար երթուղին:

Փառատոնն անցկացվում է օգոստոսի 10-15-ը` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փառատոնի ինֆորմացիոն գործընկերն է։

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի