ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը նշանակվել է Երևանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հաղորդվում է ՀՀ Մշակույթի նախարարության Facebook-յան պաշտոնական էջում:
Հաղորդագրության համաձայն, ուրբաթ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ փետրվարի 3-ի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։
Մեկ այլ հրամանով Անդրանիկ Արզումանյանը նշանակվել մշակույթի նախարարի խորհրդական։ Օրբելյանը, ով ժամանակավորապես ստանձնել է տնօրենի պարտականությունները, Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։
Կոնստանտին Գարիի Օրբելյան ծնվել է 1956 թ.-ին Սան Ֆրանցիսկոյում: Կոնստանտին Օրբելյանն իր դեբյուտը, որպես վունդերքինդ դաշնակահար, ունեցել է 11 տարեկանում, Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նյու Յորքի Ջուլիարդ երաժշտական դպրոցն ավարտելուց հետո սկսել է իր կարիերան որպես վիրտուոզ դաշնակահար, ելույթներ ունեցել խոշոր սիմֆոնիկ նվագախմբերի հետ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Եվրոպայում և Ռուսաստանում։
Հանրաճանաչ դիրիժոր է, ՌԴ վաստակավոր արտիստ (2004), Ս. Պետերբուրգի արվեստի և գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2000)։ Պետերբուրգի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր։ 2004 թ. հունվարին նախագահ Պուտինը Օրբելյանին պարգևատրել է Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչմամբ, որը երբևէ չէր շնորհվել ոչ Ռուսաստանի քաղաքացու։
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի զարմիկն է։ -0-