ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան մասնակից Արծվիկի բեմադրության հեղինակը կլինի շվեդ ռեժիսոր Սաշա Ժան-Բապտիստը, հաղորդում է Հանրային հեռուստատեսության մամուլի ծառայությունը:
Հենց Բապտիստն էր «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պատվիրակ Իվետա Մուկուչյանի քննարկված և սիրված ելույթի բեմադրության հեղինակը:
Սաշա Ժան-Բապտիստի խոսքով, ինքը տպավորվել է Արծվիկի ձայնի հզորությունից և տեմբրի գեղեցկությունից: «Ինձ գերեց նրա հմայքը, կանացիությունը և անկեղծությունը: Իսկ երբ լսեցի երգը, հասկացա որ պիտի համադրեմ այս ամենը՝ համեմելով տարբեր նորարարական տարրերով»,- նշել է նա:
Նա բնութագրել է սպասվելիք բեմադրությունը երեք բառով՝ ժամանակակից, էքսպերիմենտալ, ինտրիգային:
Ըստ սցենարի՝ մայիսի 9-ին Կիևում Արծվիկի հետ բեմ դուրս կգան 2 պարուհի Ծվեդիայից՝ Մարլեն Լինդալը և Ֆաննի Սվենսոնը, ինչպես նաև երեք բեք-վոկալիստներ՝ Անուշիկ Տեր-Ղուկասյանը, Ամալյա Մարգարյանը և Վիկտորիա Պողոսյանը:
«Սա միջազգային նախագիծ է. պարողների հետ փորձերը տեղի են ունենում Շվեդիայում, Արծվիկի հետ՝ Հայաստանում, իսկ Կիևի բեմը մեզ բոլորիս կմիավորի», - ավելացրել է Բապտիստը:
Նրա խոսքով, Հայաստանի համար աշխատելը մեծ պատիվ և բավականություն է պատճառում իրեն, քանի որ հայկական եվրատեսիլյան պատվիրակությունը առաջադեմ է, համարձակ և հավակնոտ:
Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում: «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն:
Հայաստանը «Եվրատեսիլին» մասնակցում է 2006 թ.–ից։ Լավագույն արդյունքը` չորրորդ տեղը, ապահովել են երգչուհի Սիրուշոն 2008 թ.–ին և Արամ MP3–ը 2014 թ.–ին։–0–