ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան պատվիրակի` Արծվիկի երեկվա եվրատեսիլյան փորձը լավագույնն է ճանաչվել մրցույթը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչների կողմից։
«Ինչպիսի անակնկալ: Շնորհակալ եմ թանկագին լրագրողներ, բլոգերներ և լուսանկարիչներ», - գրել է Արծվիկը Facebook-յան իր էջում:
Փորձերի առաջին օրվա քվեարկության արդյունքում Հայաստանը հավաքել է 100 միավոր, երկրորդ տեղում է Մոլդովան (69 ձայն), երրորդ տեղում` Կիպրոսը (40 ձայն):
Ինչպես հայտնում է Հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունը, երգչուհին շատ ոգևորված է առաջին փորձից:
«Չեմ կարողանում ճիշտ բառեր գտնել զգացողություններս փոխանցելու համար: Այս պահերի մասին երազել եմ դեռ այն ժամանակ, երբ լրացնում էի «Դեպի եվրատեսիլի» հայտը: Ամեն բան այնքան տպավորիչ է, այնպիսի թևեր եմ ստանում, երբ բեմում գիտակցում եմ, որ ներկայացնում եմ իմ երկիը»,- նշել է Արծվիկը:
Հաջորդ փորձը կկայանա մայիսի 5-ին:
Հաղորդագրության համաձայն, երեքշաբթի Արծվիկը կմասնակցի եվրատեսիլյան տեսաբացիկի երկրորդ մասի նկարահանումներին, իսկ մայիսի 4-ին հանդիպում կունենա Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ուկրաինայում նախատեսված «Եվրատեսիլ 2017»–ին մասնակցում է 43 երկիր։ Մրցույթի կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 9–ին և 11–ին, իսկ եզրափակիչը` մայիսի 13–ին։ Արծվիկը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում 16 համարի ներքո։–0–