ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ներկայացվել է «Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի մրցութային երգի տեսահոլովակի թիզերը: Երգը կոչվում է «LoveWave», նշվում է Eurovision.am կայքում։
«Երգն ամբողջությամբ հիմնված է երգչուհու ներաշխարհի, խտացված ապրումների ու զգացմունքների վրա: Սիրո ալիքը մեկ վայրկյանում կարող է փոխել թե՛ մարդուն, թե՛ սեփական կյանքը ճիշտ այնպես, ինչպես երկրաշարժի առաջին ալիքը` Love Wave-ը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2016»–ի առաջին կիսաեզրափակչում>>
Երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակներ՝ Իվետա Մուկուչյան և Սթեֆանի Քրաթչֆիլդ։
Մարտի 2-ին երգը հանդիսատեսին կներկայացվի համանուն տեսահոլովակով, որը Հայաստանի հանրային հեռուստաընկերության և գերմանական «BLACKSHEEP Communications»-ի համատեղ արտադրանք է:
Տեսահոլովակում Իվետա Մուկուչյանի զուգընկերը շվեդ հայտնի մոդել, դերասան Բեն Դահլհաուսն է, ով սոց. ցանցերում մեծ մասսայականություն է վայելում: Նա համագործակցել է աշխարհահռչակ ապրանքանիշերի հետ, եղել դրանց գովազդային դեմքը:
«Եվրատեսիլի» կազմակերպիչները խորհրդավորություն են հաղորդել երգի շոուին>>
«Եվրատեսիլ-2016»-ը կկայանա մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա 1-ին կիսաեզրափակիչ
փուլի ընթացքում: Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ:
Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք): -0-