Զովացուցիչ գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով (ՖՈՏՈ)

11.11.2025, 18:12
Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ. ՖՈՏՈ
Զովացուցիչ գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառով (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում կասեցվել է զովացուցիչ գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը։

Ինչպես հայտնում է ՍԱՏՄ-ն, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղում գտնվող անհատ ձեռնարկատեր Գառնիկ Պետրոսյանին պատկանող զովացուցիչ գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը:

Նշվում է, որ որոշման հիմքը ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրած սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են, մասնավորապես՝

- արտադրական շինությունների կառուցվածքը չի բացառել սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,

- չեն իրականացվել սարքավորումների տեխնիկական սպասարկում, ախտահանման, միջատազերծման, կրծողների ոչնչացման գործընթացներ,

- արտադրամասը սարքավորված չի եղել օդափոխության համակարգով, բացակայել են տաք և սառը ջրով լվացարանները, ախտահանող և չորացնող միջոցները,

- սննդի կառույցը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։

Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: