ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ «Զինվորների ապահովագրության հիմնադրամը» պատերազմից հետո արդեն 104 շահառուի տրամադրել է հատուցում: Նրանք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքներն են։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Զինվորների ապահովագրության հիմնադրամի» գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը:
Ավետիքյանի խոսքով՝ ապագայի համար պլանավորվում է, որ յուրաքանչյուր շաբաթ հիմնադրամը կկատարի մի քանի տասնյակ հատուցում:
«Կարող է հարց առաջանալ, թե ինչու են ժամանակային առումով ձգվում այդ հատուցումները և ինչու շաբաթական մի քանի տասնյակ հատուցում է տրվում»,- նշեց Ավետիքյանը՝ հիշեցնելով, որ ընտանեկան, ծնողական, ամուսնական կապերը պետք է հաստատվեն, և դրա համար նախապես անհրաժեշտ է հավաքել համապատասխան փաստաթղթային փաթեթ:
Загружается новость ... "Лево"
Հիմնադրամի գործադիր տնօրենը բացատրեց, թե ինչու է հիմնադրամը հատուցում տրամադրում միայն զոհվածների ընտանիքներին։ Նա նշեց, որ վիրավորված զինծառայողը պետք է բուժվի, այդ ընթացքում առողջության որոշակի վերականգնում պետք է տեղի ունենա։
«Համապատասխան փորձաքննությունից հետո տրվում է հաշմանդամության կարգ: Այդ կարգը ստանալուց հետո արդեն տվյալ զինծառայողն է դառնում հիմնադրամի շահառուն: Այս գործընթացը մեկ օրում կամ մեկ շաբաթում տեղի չի ունենում, սակայն, այո, առաջիկայում մենք կունենանք նաև հաշմանդամություն ունեցող շահառուներ»,- ասաց Վարուժան Ավետիքյանը:-0-