ԶԼՄ–ները հայտնում են, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել․ քաղաքապետարանից մեկնաբանում են

15.05.2025, 11:09
Երևանի քաղաքապետարանից մեկնաբանում են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանի հրաժարականի մասին լուրերը
ԶԼՄ–ները հայտնում են, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել․ քաղաքապետարանից մեկնաբանում են

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր առավոտյան ԶԼՄ–ներում տեղեկություններ են տարածվել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Տեղեկություններին անդրադարձել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Քանի որ բազմաթիվ զանգեր ենք ստանում Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ, տեղեկացնում եմ, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն», – գրել է նա Facebook-յան իր էջում։

Հիշեցնենք, որ ապրիլի 30–ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել ակտիվիստ Արթուր Չախոյանի, թաղապետարանի աշխատակիցների ու թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի միջև։

Ավելի վաղ ակտիվիստ Արթուր Չախոյանը Facebook–յան իր էջում հայտնել էր, որ թալանի մասին տեսանյութ է հրապարակել, ինչից հետո Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը զանգահարել է իրեն ու սպառնացել։

Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեն, ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։Վերոնշյալ 2 անձինք են ակտիվիստ Արթուր Չախոյանը և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Մեղադրանք է առաջադրվել նաև վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանին։