Զինծառայող Վահան Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ քրվարույթի շրջանակում ձերբակալված անձը կալանավորվել է․ ՔԿ–ն հերքում է ԶԼՄ–ների հրապարակումը

22.01.2026, 13:34
Հունվարի 14–ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ ձերբակալված անձը կալանավորվել է
Զինծառայող Վահան Պետրոսյանի մահվան դեպքի առթիվ քրվարույթի շրջանակում ձերբակալված անձը կալանավորվել է․ ՔԿ–ն հերքում է ԶԼՄ–ների հրապարակումը

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 14–ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ ձերբակալված անձը կալանավորվել է։

Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը՝ հերքելով լրատվամիջոցներից մեկի հրապարակումը։ 

«Hraparak.am.-ի այսօրվա՝ «ԻՆՉՈՒ ԷՐ ԶԻՆՎՈՐՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԵԼ. 9 ԱՆՁ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է» վերտառությամբ նյութը չի համապատասխանում իրականությանը, ապատեղեկատվություն է: 

2026 թվականի հունվարի 16-ին հայտնել եմ, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 1 անձ: Հավելեմ՝ այդ անձն այս պահին կալանավորված է: 

ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ՝ քրեական վարույթի նախաձեռնման պահից սկսած միայն 1 անձ է ձերբակալված եղել», – գրել է Ավդալյանը Facebook–յան իր էջում։ 

Նշենք, որ հունվարի 14–ին ՊՆ–ն հայտնել էր, որ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։