ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել այսօր Երևան քաղաքի Էրեբունի շրջանի ոստիկանական ստորաբաժանումում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, նշելով, որ մեղավոր է համարում իշխանություններին։
«Ժառանգություն» կուսակցության վարչության տարածած հայտարարության համաձայն, հայկական իշխանությունները տարիներ շարունակ իրականացվող հանցավոր և ապաշնորհ իրենց քաղաքականության արդյունքում, թույլ չտալով լուծել երկրում ծառացած խնդիրները ընտրական գործընթացով և օրենքի շրջանակներում, անընդհատ գնացել են անօրինականության և բռնության ճանապարհով:
«Ժառանգություն» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը առ այն, որ միայն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններով է հնարավոր իրավիճակը հիմնովին շտկել:
«Կոչ ենք անում Հայաստանի առողջ քաղաքական եւ հասարակական բոլոր միավորներին միասնությամբ եւ համախմբմամբ դուրս գալ ստեղծված վտանգավոր իրավիճակից»,– նշվում է հայտարարությունում։
ՀՀ ԱԱԾ–ի հաղորդագրության համաձայն` կիրակի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց։
Որոշ տեղեկություններով` զինված անձինք «Հիմնադիր խորհրդարան» արմատական ընդդիմադիր կազմակերպության կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն են, ովքեր պահանջում են ազատել նրան։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում