ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող Սուրեն Մոսիյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ, գործով մեղադրանք է առաջադրվել տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան փորձագետ-բժշկին:
Ժամկետային զինծառայողի մահվան մասին ահազանգն ստացվել է 2016թ. մայիսի 29-ին. նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է N զորամասի հրետանային դիվիզիոնի կառավարման կետում և զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել: Նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` Սուրեն Մոսիյանի մահվան պատճառ է հանդիսացել սուր սիրտ-անոթային անբավարարությունը, թոքերի այտուցը:
Загружается новость ... "Лево"
Ըստ հաղորդագրության, ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ նրա մոտ 2015թ. ամառային զորակոչի ընթացքում՝ «Արտաշատի բժշկական կենտրոն»-ի պոլիկլինիկայում պարտադիր հետազոտության ժամանակ՝ ԷՍԳ քննությամբ, հայտնաբերվել են սիրտ-անոթային համակարգի ախտաբանական շեղումներ, որպիսի պայմաններում Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան, փորձագետ-բժիշկը Ս.Մոսիյանին չի ուղեգրել սրտաբանական կլինիկա՝ ստացիոնար, ավելի ծավալուն հետազոտությունների կատարման համար։
Փոխարենը կատարված ոչ լիարժեք բժշկական զննության տվյալների հիման վրա՝ սրտաբանը եզրակացություն է տվել, որ Ս.Մոսիյանը պիտանի է զինվորական ծառայությանը:
Արդյունքում՝ տառապելով «առաջնային (իդիոպաթիկ) գերաճական կարդիոմիոպաթիա, չափավոր արտահայտված կարդիոմիոպաթիկ կարդիոսկլերոզ» հիվանդությամբ, ոչ լիարժեք բուժհետազոտման պայմաններում, Ս.Մոսիյանը 2015թ. հուլիսի 25-ին զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ)։
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: -0-