Զգուշացեք՝ նոր խաբեություն TikTok-ում ․ ոստիկանությունից հորդորում են զգոն լինել

23.01.2026, 18:41
Ոստիկանությունը զգուշացնում է TikTok–ում տարածվող նոր խաբեության մասին
Զգուշացեք՝ նոր խաբեություն TikTok-ում ․ ոստիկանությունից հորդորում են զգոն լինել

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի․/ԱՌԿԱ/․ Ոստիկանությունը զգուշացնում է TikTok–ում տարածվող նոր խաբեության մասին։ 

«TikTok» սոցիալական հարթակում տարածվում են ՀՀ քաղաքացիների համար իբր «սոցիալական հիմնադրամից» 300 հազար դրամ նպաստ ստանալու հնարավորության մասին հրապարակումներ՝ սահմանափակ ժամանակահատվածում հղմամբ անցնելու և դիմում ներկայացնելու միջոցով, հայտնում են ոստիկանությունից։ 

«Սակայն իրականում այս եղանակով հանցագործները կրկին անգամ փորձում են ձեռք բերել Ձեր անձնական և բանկային տվյալները (քարտի համար, PIN, CVV, մեկանգամյա կոդեր և այլն), ինչը հետագայում կարող է հանգեցնել Ձեր դրամական միջոցների հափշտակմանը», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Ոստիկանությունից հորդորում են չանցնել կասկածելի հղումներով, չլրացնել «դիմումով» պահանջվող որևէ տվյալ։ 

«Հիշեք՝ ՀՀ պետական և սոցիալական մարմինները սոցիալական ցանցերի միջոցով չեն հավաքագրում քաղաքացիների բանկային և անձնական տվյալներ։ ՀՀ պետական և սոցիալական մարմինները օգտագործում են միայն հայկական «.am» դոմենային անվանումներ (օրինակ՝ mlsa.am, socservice.am, mia.gov.am, moh.am, e-request.am)», – նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։