Զերծ մնացեք նման հարթակներում գումարներ «ներդնելուց». ՆԳՆ-ն զգուշացնում է
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ️ Հայաստանում տարածում գտած «ֆինանսական բուրգերից» HelloBity առցանց հարթակի միջոցով առաջարկում են բարձր եկամտաբերությամբ ներդրումներ՝ միևնույն ժամանակ խոստանալով նաև բարձր տոկոսներ Ձեր կողմից հարթակ հրավիրված անձանց դիմաց: Այս մասին հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը՝ նշելով, որ այսօր արդեն ազդակներ են ստացվում այս բուրգի հետևանքների մասին։
ՆԳՆ-ն հիշեցնում է, որ նման հարթակներում գոյացած եկամուտները առաջանում են ոչ թե իրական բիզնես գործունեությունից, այլ այն անձանց ներդրումներից, որոնց Դուք հրավիրել եք հարթակ՝ որպես ռեֆերալներ, ովքեր էլ փաստացի վճարում են Ձեր գոյացած «եկամուտը»:
Արդյունքում՝ կուտակելով մեծ թվով ներդրողներ և ֆինանսական միջոցներ, նման հարթակները որոշ ժամանակ անց դադարեցնում են իրենց գործունեությունը, և այն անձինք, ովքեր կատարել են «ներդրումներ», կորցնում են ամբողջ գումարը։
Ինչպես տեղեկացնում է ՆԳՆ-ն, եթե տուժել եք hellobit(y) ֆինանսական բուրգի գործունեությունից, կարող եք դիմել Ձեր տարածքային ոստիկանության բաժին կամ մոտենալ ք.Երևան, Նալբանդյան 130, Քրեական Ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչություն
ՆԳՆ-ն հորդորել է զերծ մնալ նման հարթակներում գումարներ «ներդնելուց»։

