Զերծ մնացեք առցանց բանկային հավելվածի հաշվի տվյալները և SMS–ով ստացված բանկային կոդը որևէ անձի տրամադրելուց․ ՆԳՆ–ն զգուշացնում է

23.09.2025, 20:05
ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ
Զերծ մնացեք առցանց բանկային հավելվածի հաշվի տվյալները և SMS–ով ստացված բանկային կոդը որևէ անձի տրամադրելուց․ ՆԳՆ–ն զգուշացնում է

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիներին զերծ մնալ առցանց բանկային հավելվածի հաշվի վերաբերյալ մուտքանունը, գաղտնաբառը և SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը որևէ անձի տրամադրելուց։

«Եթե Ձեր բանկային հաշիվները սպասարկող ընկերության անունից հեռահաղորդակցման հավելվածի (WhatsApp, Viber և այլն) միջոցով ստացել եք հեռախոսազանգ՝ Ձեր անվամբ վարկ ձևակերպելու փորձը ճշտելու կամ այլ անվտանգության ապահովման նպատակով, որի վերջնարդյունքում պահանջվում է տրամադրել Ձեր բանկային հավելվածի հաշիվ մուտք գործելու համար SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը, ՉՎՍՏԱՀԵՔ», – նշվում է ՆԳՆ–ի հաղորդագրության մեջ։

Իրականում այդ «աշխատակիցները», իբր առաջացած խնդիրները լուծելու նպատակով նախ խնդրում են ուղարկված հղումով մուտքագրել Ձեր առցանց բանկային հաշվի մուտքանունը և գաղտնաբառը, ապա նաև բանկային կոդը:

Արդյունքում մուտք գործելով Ձեր հաշիվ՝ հանցագործները փոխում են գաղտնաբառը և զրկելով Ձեզ հասանելիությունից՝ արդյունքում հափշտակում ինչպես Ձեր հաշվում առկա, այնպես էլ Ձեր անվամբ իրենց կողմից առցանց ձևակերպված վարկի գումարը:

Հիշեք՝

  •  բանկային ընկերության աշխատակիցները հեռախոսազանգերը կատարում են հայերեն լեզվով,

  •  զանգահարում են առանց որևէ հավելվածի օգնության,

  •  երբեք որևէ հավելվածի միջոցով չեն ուղարկում հղում,

  •  չեն պահանջում ուղարկված հղումով մուտքագրել Ձեր հաշվի մուտքանունը և գաղտնաբառը,

  •  չեն պահանջում տրամադրել SMS հաղորդագրությամբ ստացված բանկային կոդը: