Զանգել են Մարմարիկում կորած 2–ամյա Տիգրանի հայրիկին, երեխայի լացի ձայն միացրել ու անջատել․ մանրամասնում է փոքրիկի պապիկը

12.05.2025, 12:05
Զանգել են մայիսի 4–ին Մարմարիկում կորած 2–ամյա Տիգրանի հայրիկին, երեխայի լացի ձայն միացրել ու անջատել, պատմում է Տիգրանի պապիկը
Զանգել են Մարմարիկում կորած 2–ամյա Տիգրանի հայրիկին, երեխայի լացի ձայն միացրել ու անջատել․ մանրամասնում է փոքրիկի պապիկը

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Զանգել են մայիսի 4–ին Մարմարիկում կորած 2–ամյա Տիգրանի հայրիկին, երեխայի լացի ձայն միացրել ու անջատել, պատմում է Տիգրանի պապիկը։ 

«Տղայիս երկու անգամ զանգել են, հենց հեռախոսը միացրել է, երեխայի լաց է եկել ու անջատել են։ Դրանից հետո տղաս զանգել է, չեն պատասխանել, հետո արգելափակել են հեռախոսը, հետո նորից զանգ է եկել», – պատմել է Տիգրանի պապիկը Factor.am–ի լրագրողին՝ նշելով, որ իրավապահները տեղյակ են։

Նա նաև նշել է, որ չի հավատում, որ Տիգրանը կարող էր դեպի գետը գնալ։ 

«Մենք այդ կողմում աշխատելիս ենք եղել, եթե անցներ, կտեսնեինք», – ասել է պապիկն՝ ավելացնելով, որ երեխան չէր կարող նաև հողամասի միջով անցնել դեպի գետը։  

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 4–ի առավոտյան։ Երեխայի հայրը և պապիկը մեքենան սարքելիս են եղել, երբ հայրը երեխաներին՝ աղջկան և տղային, տուն է ուղարկել, իսկ տունը եղել է ամենաշատը 50 մետր հեռավորության վրա։

Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է, թե տղան որտեղ է, իսկ 3-4 տարեկան քույրն ասել է, որ իր հետ չէ։

Ծնողները փորձել են ձայն տալ, գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահազանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետն է ընկել։

Մինչ այժմ փրկարարներին չի հաջողվել գտնել երեխային։ Երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։