Ընդհանուր զորահավաք, սահմանափակումներ, ԶԼՄ-ների աշխատանք. ի՞նչ է նախատեսում ՀՀ-ում սահմանված ռազմական դրությունը

27.09.2020, 19:27
Ընդհանուր զորահավաք, սահմանափակումներ, ԶԼՄ-ների աշխատանք. ի՞նչ է նախատեսում ՀՀ-ում սահմանված ռազմական դրությունը
Ընդհանուր զորահավաք, սահմանափակումներ, ԶԼՄ-ների աշխատանք. ի՞նչ է նախատեսում ՀՀ-ում սահմանված ռազմական դրությունը

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Արցախում իրավիճակի սրմամբ պայմանավորված ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության մասին որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում:

«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից հայտարարել ռազմական դրություն»,- նշվում է որոշման մեջ:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է ռազմական դրության մասին որոշման հիմնական դրությքները:

Ընդհանուր զորահավաքի հայտարարումը և անցկացումը 

  1. Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ընդհանուր զորահավաք:
  2. Գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կիրառման պլանը:
  3. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, այլ զորքերը քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը փոխադրվում են պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի:
  4. Հայտարարվում է պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահա­վաքային զորակոչ:
  5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն ապահովում է պատերազմական ժամանակի հաստիքներին կցագրված պահեստազորայինների զորահավաքային զորակոչը՝ զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային պլաններով նախատեսված ժամկետներում:
  6. Ապահովվում է «Պաշտպանության մասին» օրենքի 27-րդ հոդվածով սահմանված ռազմատրանսպորտային պարտավորություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումը՝ սահմանված կարգով և ըստ զինված ուժերի կարիքների առաջնային անհրաժեշտության:

Սահմանափակումներ

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:

Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող մարտական գործողությունների, դրանց ուղղություների, մարտական տեխնիկայի շարժի, մարտական գործողությունների արդյունքում պատճառված կորուստների և վնասների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների և դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների (այսուհետ բոլորը միասին` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով (այսուհետ՝ հրապարակում) կատարվում է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղումով՝ ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):

Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ:

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումները

Հայաստանի Հանրա­պետության արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման համար իրականացնում է քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների և փրկարար ուժերի համալրում և լիակատար մարտական պատրաստականության փոխադրում: Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և վթարավերականգնողական և այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման համար քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները և փրկարար ուժերը բերվում են լրիվ պատրաստականության:

Որպես քաղաքացիականպաշտպանության պետեր՝ պետական և տարածքային կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմա­կերպությունների ղեկավարներն իրենց իրավասության սահմաններում ճշգրտում և գո­ր­ծո­ղության մեջ են դնում քաղաքացիական պաշտպանության բոլոր մակարդակներում քաղաքացիական պաշտպանության պլանները, պլան-ժամանակացույցերը, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների քաղաքացիական պաշտպանության պլանները, տարհանման պլանները:

Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինները

Ռազմականդրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտա­գործվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրա­պետության ազգային անվտան­գության ծառայության, Հայաստանի Հանրա­պետության ոստիկանության, Հայաստանի Հանրա­պետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրա­պետության առողջապահու­թյան նախարարու­թյան, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ու այլ պետա­կան լիազոր մարմինների ուժերն ու միջոցները:

Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրա­պետության արտակարգ իրավիճակների նախարարության, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ուժերի կողմից:

Արցախում իրավիճակի սրման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է մղվել մի քանի ուղղություններով։ Ադրբեջանական կողմը կրել է մարդկային կորուստներ: ՊԲ–ն ոչնչացրել է հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա։ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ կան զոհեր ու վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում։

Ադրբեջանի ԶՈւ–ն հրետակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Ստեփանակերտը։

Ցավոք, ինչպես հաղորդում է ՊՆ-ն, նախնական տվյալներով հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր: –0–