Երևանում չորրորդ փոխքաղաքապետը կնշանակվի. նա կգլխավոր աշխարհազորը
Ըստ նախատեսվող փոփոխությունների` տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները կունենան տեղակալներ, որոնք կներգրավվեն աշխարհազորում որպես հրամանատար: Ավելացվում է Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը` երեքից դառնալով չորս, որպեսզի քաղաքապետի չորրորդ տեղակալը լինի աշխարհազորային զորամիավորման հրամանատար:
Ներկայացնելով օրենքի նախագծերը, ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ տեղական ինքնակառավարման մարմինները կունենան տեղակալ կամ տեղակալներ, նրանց պաշտոնի կնշանակի, կազատի համայնքի ղեկավարը: Բացառությամբ՝ համամասնական ընտրակարագով ընտրված համայնքի ղեկավարի առաջին տեղակալի:
Տերտերյանի խոսքով՝ նա կիրականացնի համայնքապետարանի աշխատակազմի կանոնադությամբ իրեն վերապահված գործառույթները, կփոխարինի համայնքի ղեկավարին՝ նրա բացակայության ընթացքում:
«Իսկ Երևանի մասին օրենքում քաղաքապետի նոր տեղակալի հնարավորություն ենք առաջարկել, ով բացառապես և ուղիղ կզբաղվի օրենքով ամրագրված գործառույթներով: Երեք տեղակալի փոխարեն չորսն ենք առաջարկել», - նշել է նա:
Նա նշել է , որ փոխքաղաքապետը լինելու է մշտական պաշտոն, քանի որ ենթադրվում է, որ անկախ ռազմական դրության առկայությունից, նա նաև որոշակի կոնկրետ աշխատանքներ է իրականացնելու, այդ թվում ՝ վերապատրաստում:
Ըստ Տերտերյանի, լիազորությունների տարանջատման անհրաժեշտությունը բխում է գործունեության առանձնահատկություններից, որի համար նախատեսվում է ներգրավել այս ոլորտում համապատասխան փորձ և մասնագիտական հմտություններ ունեցող աշխատողների:
Միաժամանակ նա նշել է, որ առաջարկվող փոփոխությունների հետ կապված պետական բյուջեի լրացուցիչ ծախսեր չեն նախատեսվում, խնդիրները լուծվում են ներքին համայնքների բյուջեների հաշվին: Ինչ վերաբերում է Երևանին, հաշվի առնելով աշխարհազոր մասշտաբն ու կառուցվածքը, նախատեսվում է մայրաքաղաքի համար տրամադրել առանձին դրույքաչափ:
ՀՀ ԱԺ–ն հոկտեմբերի 28-ի արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը։
Փաթեթով սահմանվում է «աշխարհազոր» եզրույթը:
Օրենսդրորեն սահմանվում է աշխարհազոր եզրույթը, որպես ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համար:
Լրացումների համաձայն, աշխարհազորը գործելու է տարածքային սկզբունքով և ըստ ՀՀ վարչատարածքային բաժանման, պայմանականորեն բաղկացած է լինելու զորամիավորումներից, դրանց ենթակա բրիգադներից և գումարտակներից:
Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը` զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչությունում ձևավորված աշխարհազորային շտաբի միջոցով:–0–