ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնաբանել է ԶԼՄ-ներում իր հրաժարականի մասին շրջանառվող լուրերը:
Загружается новость ... "Лево"
«Բարձր տրամադրությամբ հետևում եմ նախկին կոռումպացված իշխանականներին սպասարկող որոշ լրատվամիջոցների տարածած բամբասանքներին՝ կապված իմ երևակայական «հրաժարականի» հետ: Բայց առավել զվարճալի է մեր շուրջը գտնվող որոշ խմբակների արձագանքը այդ բամբասանքներին: Խմբակներ, որոնք իրենց սահմանափակ մտքի շրջանակում առաջին օրվանից փորձել են խոչընդոտել մեր բնականոն աշխատանքին»,- նշել է Մարությանն իր Facebook-յան էջում:
Մարությանը վստահեցրել է, որ Երևանի բնակիչներից իր ստացած քվեն չափազանց մեծ պատիվ լինելով հանդերձ՝ նաև մեծ պատասխանատվություն է:
«Հետևաբար, շարունակելու ենք ծառայել մինչեւ վերջ՝ ի շահ մեր քաղաքի և ի կատարումն հեղափոխության հռչակած արժեքների: Բոլորս միասին, քայլ առ քայլ լուծում ենք և շարունակելու ենք լուծել մեր առջև դրված խնդիրները:
Իսկ հակառակը հուսացողներին առաջարկում եմ իրենց անձնական ու խմբակային շահերը առաջ մղելու համար ուրիշ ոլորտներ ընտրել»,- նշել է քաղաքապետը:
Հիշեցնենք, որ օրերս ԶԼՄ-ներում լուրեր էին շրջանառվում, որ Մարությանը հնարավոր է թողնի պաշտոնը։-0-