Ովքեր կփորձեն ժողովրդավարությունը թուլության հետ շփոթել, պետության համը կմնա նրանց բերաններում․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի՝ եկեղեցու մասին հնչեցրած մտքերին։
«Շատերը կամ ոմանք ժողովրդավարությունը փորձում են նույնացնել թուլության հետ։ Ես ասում եմ` նրանք, ովքեր կփորձեն ժողովրդավարությունը թուլության հետ շփոթել, պետության համը կմնա նրանց բերաններում», – ասաց Փաշինյանն այսօր ԱԺ–ում լրագրողներին։
Լրագրողի այն դիտարկմանը, թե յուրաքանչյուր ոք, ով կաջակցի եկեղեցուն, պիտի արժանանա նման ճակատագրի, Փաշինյանն ընդգծեց.
«Իմ կարծիքով այդ հայտարարությունը ընդհանրապես կապ չունի ոչ եկեղեցու, ոչ եկեղեցու շահերի հետ։ Ես ուղիղ 1 ամիս առաջ 1 ամիս ժամկետ էի տվել կառավարության անդամներին, որ ՀԷՑ-ի կողմից ժողովրդին հասցված վնասը պետք է վերականգնվի։ Իմ բազմաթիվ մարզային այցելությունների ընթացքում ես զարմանքով և զայրույթով դրա մասին հրապարակային էլ եմ խոսել»։
Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ-ում ՀԷՑ-ի գործունեությանը, ասաց.
«ՀԷՑ-ն իր գործունեության արդյունքում Հայաստանում գրեթե էներգետիկ ճգնաժամ է ստեղծել։ Վերլուծությունը հիմք է տալիս մտածելու, որ ամեն ինչ արվել է և արվում է Հայաստանում ներքին հանրային դժգոհություն գեներացնելու համար։ Սակայն ես տվել էի հանձնարարական, որ մի ամսվա ընթացքում կամ պետք է հստակ ժողովրդին հասցրած վնասը վերականգնելու մեխանիզմներ դրվեն, կամ ՀԷՑ-ը պետք է ազգայնացվի, այսինքն պետականացվի»։
«Իմ հանձնարարականի օրը լրանում է հունիսի 21-ին, և ես այդ ակտիվացումը ուղիղ կապում եմ իմ այդ հանձնարարականի հետ, որովհետև կառավարության անդամները սկսել էին աշխատել։ Ես Լոռու մարզում այց եմ կատարել, որտեղ իմ այցի ժամանակ ես ուր մտել եմ, հոսանք չի եղել, կամ եղել է, անջատվել է։ Կլինի դպրոց, մանկապարտեզ, հյուրանոց, մասնավոր կամ համայնքային հիմնարկ, միևնույնն է, սա անհանդուրժելի վիճակ է»,-հավելեց նա։
Նշենք, որ միլիարդատեր, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը գիշերն իր առանձնատնից բերման է ենթարկվել ուժայինների կողմից։
Դիմելով առանձնատան մոտ հավաքված մարդկանց՝ Կարապետյանը հայտարարել է, որ աջակցում է եկեղեցուն։
«Ես եկեղեցու կողքին եմ, մեր ժողովրդի կողքին, թքած ունեմ իրենց վրա էլ, իրենց Էլեկտրական ցանցի վրա էլ, ամեն ինչ լավ է լինելու։ Ժողովուրդը մեկ է իր խոսքն ասելու է, իրենք հասկանալու են», – հայտարարել է Կարապետյանը։
Դրան ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարել է․ «Հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։ Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ–ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»։
Հունիսի 17–ին Կարապետյանն իր կարծիքն էր հայտնել իշխանություն–եկեղեցի առճակատման հարցով։
«Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին», – հայտարարել է Կարապետյանը։
Դրանից հետո ուժայիններն օպերատիվ գործողություններ են սկսել Կարապետյանի երևանյան առանձնատանը։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ներառված է «Տաշիր» ընկերությունների խմբի կազմում, որը պատկանում է ձեռնարկատեր և բարերար Սամվել Կարապետյանին։ ՀԷՑ-ը կառավարում է Հայաստանի միջին և ցածր լարման բաշխիչ ցանցերը։