ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վիպակի թեմատիկան համընկել է Ղարաբաղում հայ ժողովրդի համար ողբերգական իրադարձությունների հետ, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը։
«Գրադարանների այցելուների շրջանում հարցման արդյունքներով մարաթոնի համար ընտրվել է Սարոյանի ամենահայտնի ստեղծագործություններից մեկը` «Մարդկային կատակերգությունը»։ Վիպակի հերոսը 14-ամյա պատանի է: Գրքի ողջ սյուժետային գիծը կառուցված է պատանու հիշողությունների և Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունների վրա», - ասաց Հայրապետյանը:
«Վիլյամ Սարոյանի ընթերցանության մարաթոնը» անցկացվում է ապրիլի 11-ին Իսահակյանի անվան երևանյան Կենտրոնական գրադարանում` Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակում (ապրիլի 11-ից 17-ը): Մարաթոնի անցկացման նախաձեռնությունը պատկանում է Երևանում Ամերիկյան անկյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը:
Մեգ Ռայանը ֆիլմ կներկայացնի Ուիլյամ Սարոյանի վեպի մոտիվներով Սոնոմա փառատոնում>>
«Նման մարաթոնների անցկացման նպատակը գրականության հանդեպ ուշադրություն գրավելը և ընթերցանության տարածումն է: Սա հիանալի հնարավորություն է գրականությունը հայ ընթերցողին ևս մեկ անգամ ներկայացնելու համար», - հայտարարեց Հայրապետյանը:
Նրա խոսքով, վիպակի ընտրությունը պատահական չէր. Ուիլյամ Սարոյանը հայ և ամերիկացի ժողովուրդների մշակույթների կապող օղակն է: «Սարոյանը այն փոքրաթիվ հայ գրողներից է, որն իր ստեղծագործություններում ներկայացրել է հայակական մշակույթը, նրա ստեղծագործություններում խոսվում է անցյալի, ներկայի և ապագայի մասին», - ասաց նա:
Միջոցառմանը մասնակցող Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը ներկաներին հիշեցրեց, որ մարաթոնը նվիրված է ԱՄՆ-ում Ազգային գրադարանային շաբաթին, Երևանում Ամերիկյան անկյան գործունեության տասնամյակին և մեծն գրողի հիշատակին:
«Սարոյանը լավատես էր և հավատում էր, որ կյանքը կարող է փոխվել դեպի լավը: Նա ծնվել և մեծացել է Ամերիկայում, սակայն իր սրտում միշտ կրել է Հայաստանի մասնիկը և հայկական արժեքները, որոնք արտահայտված են նրա բոլոր ստեղծագործություններում», - ասաց Միլզը:
Նրա կարծիքով, Սարոյանի ստեղծագործություններն արդիական են նաև վերջին իրադարձությունների ֆոնին։
«Սարոյանը հավատում էր, որ ցանկության դեպքում մարդ կարող է բարիք գործել, և ես կարծում եմ, որ դրանք կարևոր արժեքներ են, որոնց մասին մենք բոլորս պետք է հիշենք», - ասաց դեսպանը:
Նմանատիպ մարաթոն Հայաստանում անց է կացվում առաջին անգամ: Մարաթոնին կմասնակցեն շուրջ 60 մարդ, դիվանագետներ, գրադարանավարներ, կամավորականներ և ընթերցանության սիրահարներ, որոնք հինգ րոպեի ընթացքում հնարավորություն կունենան ընթերցել «Մարդկային կատակերգության» մի հատված:
Մարաթոնը անցլացվում է հայերեն և անգլերեն լեզուներով, և ուղիղ եթերով հեռարձակվում է ԱՄՆ դեսպանատան YouTube-ի ալիքով: -0-