ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Վերին Լարս անցակետը` Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը, բեռնափոխադրումների համար փակ է արդեն առնվազն երկու շաբաթ, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Ինչպես նշում է պարբերականը, ճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների անցուդարձը արգելված է։
«Մինչև երեկ նույնիսկ մարդատար մեքենաներին թույլատրվում էր անցնել Վերին Լարսի հատվածը միայն շղթայակապ անիվներով, և այդ սահմանափակումը հանվել է միայն երեկ»,– թերթին է հայտնել ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը։
Պարբերականի ունեցած տեղեկություններով, հարյուրավոր բեռնատարներ կուտակված են սահմանային անցակետի երկու կողմերում։
«Ձմռանը Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող ավտոճանապարհի այդ հատվածի անցանելիության խնդիրը եղել և մնում է չլուծված։ Անցած տարվա նոյեմբերի սկզբից Վերին Լարսը պարբերաբար փակվել է ձյան պատճառով և խաթարել արտաքին աշխարհի հետ մեր բեռնափոխադրումների հոսքերը։ Թե անցած տարվա նոյեմբերից 1-ից մինչ այսօր որքան ժամանակ է բաց եղել ճանապարհը, նախարարությունում ամփոփված վիճակագրություն դեռ չկա», – գրում է թերթը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում