Վերականգնումից հետո վերաբացվել է Երևանի ամենահին՝ 10-13-րդ դարերին թվագրվող կամուրջը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. «Կարմիր կամուրջ» հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքներից հետո այն վերաբացվել է։
Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը, բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը, Դանիել Դանիելյանը:

Երևանի պատմական Կարմիր կամրջի բացմամբ ամփոփվել է նաև «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարության և ԵՄ համագործակցության շրջանակում:
Հուշարձանի վերականգնումն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության ու բարերարի միջև 2022 թվականին կնքված համագործակցության հուշագրի շրջանակում: Հուշարձանը վերականգնվել է 2024-2025 թթ. բարերար Յուրի Աֆրիկյանի միջոցներով` պահպանելով վերակառուցումների արժեք ներկայացնող բոլոր պատմական շերտերը։

Կամուրջը գտնվում է Հրազդան գետի վրա։ Այն Երևանում պահպանված ամենահին կամուրջն է և համարվում է միջնադարյան Հայաստանի ամենախոշոր ինժեներական կառույցներից մեկը․ ունի 11 մ բարձրություն, 80 մ երկարություն, 6,5մ լայնություն։
Միմյանց կապելով Հրազդանի կիրճի ափերը՝ կամուրջը ճանապարհային հաղորդակցություն է ապահովել Երևանի բերդից դեպի Արարատյան դաշտավայր: Այն ունեցել է ռազմավարական նշանակություն․ վրայով անցել են առևտրային քարավաններ, բեռնված սայլեր, կենդանիներ, զինվորներ ու հեծելազոր` տեղափոխելով հրետանի ու այլ ռազմամթերք: Կամուրջը 10-13-րդ դարերի կառույց է։

Վերակառուցման և հիմանանորգման աշխատանքներ են արվել 1830-ական, 1960- ական թվականներին, որոնց ընթացքում կամրջի երկու եզրերում ամրաշինական նպատակներով ավելացվել են բազալտե հենապետեր: Հետագայում՝ 1980-ականներին իրականացված վերականգնման աշխատանքներն անավարտ են մնացել: Մինչ 2024-2025 թթ. ամբողջական վերականգնումը՝ պահպանվել էին միայն կամրջի հարավային մեծ կամարը և հյուսիսային խուցը․ կամուրջն ըստ էության ավերված էր և ուներ հրատապ վերականգնման կարիք։

