Վայոց Ձորի մարզպետն ազատվել է պաշտոնից` սպային ծեծելու միջադեպի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կառավարոթյան հինգշաբթի օրվա նիստում որոշում է կայացվել Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ։
Տրդատ Սարգսյանը սեպտեմբերի 24–ին պաշտոնից ազատվելու ցանկություն է հայտնել, իսկ հոկտեմբերի 7–ին հրաժարականի դիմում է ներկայացրել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Այս քայլը սպային ծեծելու միջադեպի հետևանքն էր։
Սեպտեմբերի 18–ին անգիտակից վիճակում հիվանդանոց է տեղափոխվել Շիրակի մարզի բնակիչ, ՊՆ զորամասերից մեկի սպա Արա Մխիթարյանը, նրան շտապ վիրահատել են։ Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ ՔՕ 112–րդ հոդվածի 1–ին մասի (Առողջությանը ծանր վնաս հասցնելը) հատկանիշներով։
Հայկական լրատվամիջոցները բազմիցս հայտնել են, որ միջադեպին մասնակցել է ինքը` Սարգսյանը։ Վերջինս հերքում է իր մասնակցությունը։ -0-