Վայոց Ձորը նոր մարզպետ կունենա

09.10.2025, 11:45
Կոլյա Միքայելյանը կազատվի Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից  
Վայոց Ձորը նոր մարզպետ կունենա

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում է Կոլյա Միքայելյանին Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից ազատելու հարցը։ 

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ մասի 1-ին կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Կոլյա Միքայելյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից»,- նշված է կառավարության որոշման նախագծում:

Զեկուցվող նախագծով էլ Վայոց Ձորի մարզպետ կնշանակվի Վահագն Արսենյանը:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Վահագն Արսենյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզպետ»,- նշված է կառավարության որոշման նախագծում։

Նշենք, որ Վահագն Արսենյանը Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարն էր։ Նա Ջերմուկ համայնքի ղեկավար էր ընտրվել 2021 թ.-ի դեկտեմբերի 17-ին։