ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ 40 դատապարտյալ նամակով դիմել են Սերժ Սարգսյանին և խնդրել են իրենց ներում շնորհել, գրում է «Ժողովուրդ» թերթը։
Դատապարտյալները խոստացել են ազատ արձակվելուց հետո մեկնել Արցախ և կամավոր զինվորական ծառայության անցնել։
Թերթի հաղորդմամբ, Սերժ Սարգսյանը նախօրեին 8 դատապարտյալի ներում է շնորհել, որից վեցը հենց «Վարդաշեն» քրեակատարողականից են և նախկինում զինվորականներ են եղել ու նույնիսկ սպայական կոչումներ են ունեցել։
Պարբերականը պարզել է, որ նախագահին դիմած դատապարտյալների մեջ է եղել նաև պահեստազորի գնդապետ, Արցախյան պատերազմի հայտնի դաշտային հրամանատար Վոլոդյա Ավետիսյանը, ում դիմումը մերժվել է։
Միաժամանակ պարբերականը հայտնում է, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ են արձակվել Գեդամ Գաբրիելյանը, Աշոտ Վարդանյանը, Արմեն Ղազարյանը, Զավեն Նալադյանը, Արթուր Ադամյանը և Հրաչ Ալեքսանյանը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում