Վանեցյանը Քոչարյանի կալանավորումը սխալ է համարել, իսկ Մարտի 1–ի գործի քննությունը` անարդյունավետ

06.02.2020, 15:49
Վանեցյանը Քոչարյանի կալանավորումը սխալ է համարել, իսկ Մարտի 1–ի գործի քննությունը` անարդյունավետ
Վանեցյանը Քոչարյանի կալանավորումը սխալ է համարել, իսկ Մարտի 1–ի գործի քննությունը` անարդյունավետ

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին տպագիր լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն անդրադարձել է Մարտի 1–ի գործին և այդ գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանին։

 «Ինչ վերաբերվում է Ռոբերտ Քոչարյանի գործին, ես չէի կոչի Ռոբերտ Քոչարյանի գործը Մարտի 1–ի բացահայտման գործ, իսկ Մարտի 1–ի գործ ասելիս, ես հասկանում եմ, որ առաջնահերթությունը պետք է տրվեր այն 10 զոհված մարդկանց սպանությունների բացահայտման ուղղությամբ։ Հիմա հարց է առաջանում այսօրվա քննությունը արդյոք նպաստում է այդ 10 զոհերի սպանության բացահայտմանը։ Ես կարծում եմ` ոչ»,– նշել է Վանեցյանը։

 Նա հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը սխալ է` պատճառաբանելով, որ վերջինս «երբևիցե, որևէ իր քայլով չի ցույց տվել որ խուսափում է քննությունից»։

«Ես կարծում եմ , որ ճիշտ կլիներ` խափանման միջոցը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերանայվեր։ Դա նաև կթուլացներ լարվածությունը հասարակության որոշ շրջաններում և միայն կնպաստեր գործի լիարժեք քննությանը և բացահայտմանը: Մենք բոլորս ուզում ենք, որ Մարտի 1–ի գործը բացահայտվի»,– ասել է Վանեցյանը։

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Մարտի 1–ի գործով պատասխանատվության կանչելուն, Վանեցյանը հորդորում է սպասել բազմակողմանի և լիարժեք քննությանը, իսկ մինչ այդ զերծ մնալ որևէ մեկի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց։ –0–