Վանդալի՞զմ, թե՞ վերականգնում. բողոքի ակցիա` քաղաքապետի և գլխավոր ճարտարապետի դեմ (ՖՈՏՈ)

04.03.2019, 20:34
Երևանում անցկացվել է բողոքի ակցիա Խորենացի փողոցում Կրթության և գիտության նախարարության նախկին շենքի ճակատի քանդման դեմ։
Վանդալի՞զմ, թե՞ վերականգնում. բողոքի ակցիա` քաղաքապետի և գլխավոր ճարտարապետի դեմ (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում անցկացվել է բողոքի ակցիա Խորենացի փողոցում Կրթության և գիտության նախարարության նախկին շենքի ճակատի քանդման դեմ։
Ակցիայի մասնակիցներն անցել են կենտրոնական փողոցներով «Վանդալիզմ» պաստառներով, իսկ քանդված շենքի մոտ թողել են «Սուպերմամա, տգեղ է» գրառումներով պոստերներ` ակնարկելով քաղաքապետ Հայկ Մարությանի առնչությունը շենքի քանդման աշխատանքներին։

 - рис.1

«Արթուր Մեսչյանն էլ պետք է հասկանա`որքան էլ վաղը կամ մյուս օրը հավաստիացնի, որ նրան ստիպել են դա անել, միևնույն է` փաստարկը չի ընդունվի։ Այդ շենքը մշակութային ժառանգության նմուշ է»,– ասաց ակտիվիստ, «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանը։

Նրա խոսքով, շենքը կարելի էր պահպանել և վերականգնել, ոչ թե քանդել։ Սամսոնյանը խոստացավ, որ «քաղաքապետին հանգիստ կյանք չեն տալու»։

Քաղաքապետարանի հայտարարությունը

«Խորենացի 13 հասցեում գտնվող շենքն ապամոնտաժվել է դեռևս 2004 թվականին` միայն ճակատի պահպանմամբ։ Ի սկզբանե, 2004 թվականին շենքի սեփականաշնորհումից հետո սեփականատերերը չեն նախատեսել ճակատային մասի պահպանում։ Շինությունը չի ունեցել հուշարձանի կարգավիճակ, ինչպես նաև չի ներառվել քաղաքապետարանի ցուցակում որպես ճարտարապետական արժեք ներկայացնող շինություն»,– ասվում է Երևանի քաղաքապետարանի Facebook–ի էջում փետրվարի 27–ին հրապարակած գրառման մեջ։

Նշվում է, որ 2017թ. հողամասը ձեռք է բերել «Արմսվիս Փրոփերտիս» ՓԲԸ-ն, որը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ շենքի կիսաքանդ ճակատային հատվածը ապամոնտաժելու և տեղում ստորգետնյա հարկերով բիզնես կենտրոն կառուցելու նպատակով: Ներկա պահին ապամոնտաժման աշխատանքներն իրականացվում են համաձայն նախագծի և 08.02.2019թ.-ին տրամադրված քանդման թույլտվության հիման վրա:

«Ի դեպ, ընկերության կողմից ներկայացված բիզնես կենտրոնի կառուցման էսքիզային առաջարկով խնդրո առարկա ճակատը նոր մոտեցմամբ վերականգնվելու է՝ դառնալով համալիրի ինտերիերի բաղկացուցիչ մասը: Հարկ է նշել, որ տասնյակ տարիների ընթացքում տեղումների հետևանքով շենքի ճակատային հատվածը խարխլվել է»,– ասվում էր հրապարակման մեջ։

 - рис.2

Մոռացված խոստումնե՞ր

 - рис.3
Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում տված առաջին մամուլի ասուլիսում Մեսչյանը խոստացել էր, որ քանի դեռ ինքն այդ պաշտոնում է, չի ապամոնտաժվելու և ոչ մի պատմական հուշարձան։ Դրա փոխարեն նա խոստացավ ամրացման և վերականգնման աշխատանքներ։

Մեսչյանի խոսքով, շինարարությամբ զբաղվող կապալառուները պետք է միջոցներ հատկացնեն պատմական հուշարձանների վերականգնմանը։ -0-