«Ուզում եք մեզ ասֆալտի՞ն փռել և պատերի՞ն ծեփել, չի ստացվելու»․ Իվետա Տոնոյան (ՎԻԴԵՈ)
«Պարո՛ն Արթուր Դավթյան, դուք այսօր «նոր Հայաստանում» «հին Հայաստանի» ամենավատ ավանդույթների կրողն եք։ Եվ դուք պարզապես իրավունք չունեք աշխատելու որպես գլխավոր դատախազ և դուք չեք աշխատելու, մենք դրա համար ամեն ինչ անելու ենք»,- ասաց Տոնոյանը։
Նրա խոսքով՝ Դավթյանն իր փառասիրությունը և քաղաքական ամբիցիաները բավարարելու համար սանձազերծում է քաղաքական հետապնդում։
Նրա կարծիքով որևէ մեկը մեկ րոպե անգամ չի մտածել, որ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելով, հնարավորություն է ընձեռում աշխատանքից զրկելու տասնյակ հազարավոր այն մարդկանց, ովքեր աշխատում են Ծառուկյանի հիմնադրած ընկերություններում։
«Վստահաբար չեք մտածել։ Անգամ եթե մտածել եք, պատասխանը ձեզ ընդհանրապես չի հուզել, որովհետև այս պահին դուք ընդամենը ունեք մեկ մարդու քաղաքական ամբիցիաները բավարարելու խնդիր։ Անգամ եթե 30.000 մարդ մա գործոզուրկ։․․․Հպարտ քաղաքացիները ձեզ պետք են միայն այն ժամանակ, երբ դուք հեղափոխություն եք իրականացնում։ Մնացած ժամանակ դուք խորապես թքած ունեք, թե մարդիկ ինչպես կգոյատևեն, հատկապես՝ այս պայմաններում»,- ասաց պատգամավորը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստի օրակարգում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:
Նախօրեին համապատասխան միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ Ազգային Ժողովին՝ համաձայնություն տալ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն, ինչպես նաև նրան ազատությունից զրկելուն:
Ծառուկյանի շուրջ իրադարձությունների մասին
Կիրակի օրն առավոտյան ԱԱԾ աշխատակիցները խուզարկել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար և գործարար Գագիկ Ծառուկյանի առանձնատունը:
Խուզարկությունից հետո ԲՀԿ առաջնորդը հայտարարել է, որ իր վրա գործադրում են քաղաքական ճնշում, սակայն ինքը հետքայլ չի անի:
Այնուհետև Ծառուկյանը կանչվել է ԱԱԾ հարցաքննության, որտեղ շուրջ 9 ժամ հարցաքննվելուց հետո դուրս եկել ԱԱԾ շենքից:
ԱԱԾ-ն նույն օրը տարածել է մի շարք հաղորդագրություններ:
Հաղորդագրություններից մեկը վերաբերում է Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառված ավելի քան 29 միլիարդ դրամի վնասին:
Ըստ մյուս հաղորդագրության, բացահայտվել են 2017 թ.-ին ԱԺ ընտրությունների ժամանակ ԲՀԿ–ի կողմից ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր դեպքեր:
Իսկ ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց Առինջ համայնքի պաշտոնատար անձանց կողմից համայնքի բյուջեին 339.300.000 դրամի վնաս հասցնելու դեպքի մասին, որի առթիվ քրգործ է հարուցվել:-0-

