ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Մայրաքաղաքի խորհրդանիշներից մեկը` Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը, 35 տարեկան է։
Մետրոյի բացման արարողությունը տեղի է ունեցել 1981 թվականի մարտի 7-ին։ Հանդիսավոր այդ օրը շահագործման է հանձնվել 5 կայարան` «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Երիտասարդական», «Հանրապետության հրապարակ», «Սասունցի Դավիթ», իսկ հետագայում արդեն` 1983 թվականին «Գործարանային», 1984 թվականին` «Շենգավիթ», 1986 թվականին` «Գարեգին Նժդեհի հրապարակ», 1989 թվականին` «Զորավար Անդրանիկ» և 1997 թվականին` «Չարբախ» կայարանները։
Երևանի մետրոպոլիտենում այսօր շահագործվում է 10 կայարան, գծի երկարությունը 12.1 կմ է, առկա է 45 վագոն։
Վերջին տարիներին ներդրումային ծրագրերի շրջանակում Երևանի մետրոպոլիտենում զգալի աշխատանքներ են իրականացվել: Մետրոպոլիտենի վերականգնման ծրագիրը շարունակական է լինելու և ներառելու է զարգացման մի շարք ուղղություններ:
«Մետրոն, իր կարևորագույն նշանակությունից բացի, հանդիսանում է նաև աշխարհի ցանկացած քաղաքի զարգացածության խորհրդանիշ», - նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա ավելացրել է, որ մետրոպոլիտենի 35-ամյակը իրադարձային է ոչ միայն մետրոյի աշխատակիցների, այլև ողջ հասարակության համար:
«Հատկապես խոշոր քաղաքների կյանքում այն անփոխարինելի դերակատարում ունի: Մետրոն իրավամբ համարվում է ամենաարագ, անվտանգ, էկոլոգիապես մաքուր և հարմարավետ հասարակական տրանսպորտային միջոցը», - ընդգծել է Մարգարյանը` ավելացնելով, որ Երևանի մետրոպոլիտենի զարգացման ծրագրերը քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում են:
«Մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ, երևանյան մետրոն տարեցտարի ավելի ու ավելի է արդիականացվում, համալրվում գույքով ու նոր տեխնոլոգիաների կիրառման համար անհրաժեշտ սպասարկմամբ», - ավելացրել է Մարգարյանը: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում