Թույլ չեմ տա, որևէ մեկը հանկարծ չմտածի այս պրոցեսը շարունակելու մասին․ Փաշինյանը խիստ նկատողություն արեց Շիրակի մարզպետին

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Շիրակի մարզի գյուղերից մեկի դպրոցի դասասենյակն անվանակոչվել է ՀՀ ԶՈւ զինծառայության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի անունով։
Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տարօրինակ համարելով այս հանգամանքը։
«Արարողությունը տեղի է ունենում Շիրակի մարզպետի մասնակցությամբ։ Տեղի է ունեցել մի պրոցես՝ բարձրաստիճան զինվորականի մասնակցությամբ, որից պաշտպանության նախարարն ընդհանրապես տեղյակ չի, գլխավոր շտաբի պետն ընդհանրապես տեղյակ չի։ Պրոցեսը տեղի է ունեցել դպրոցում, ԿԳՄՍ նախարարն ընդհանրապես տեղյակ չի։ Տեղի է ունենում մարզպետի մասնակցությամբ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ընդհանրապես տեղյակ չի։ Այս ամենը տեղի է ունենում մի պայմաններում, երբ այստեղ տասնյակ անգամներ խոսել եմ դրա մասին, և ԿԳՄՍ նախարարն է խոսել այն մասին, որ դպրոցում ամեն անկյուն պետք է ձևավորվի, պետք է բովանդակություն տրվի միայն կառավարության սահմանած ստանդարտներին համապատասխան», – ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ ԿԳՄՍ նախարարին հանձնարարել է չեղարկել այդ որոշումը։
«Մենք հասկանում ենք չէ պանդորայի ինչ արկղ ենք բացում, որովհետև ՀՀ–ում կան տասնյակ գեներալներ, տարբեր գյուղերում ծնված և մեծացած նշանավոր մարդիկ։ Հիմա էլ մենք դպրոցները դարձնում ենք մի էսպիսի մրցակցության առարկա, թե որ դասասենյակը ում անունով կոչի, էն պայմաններում, երբ որ մենք դպրոցների անվանակոչության ստանդարտ ենք սահմանել», – նշեց Փաշինյանը։
«Որևէ մեկը հանկարծ չմտածի էս պրոցեսը շարունակելու մասին։ Այս պրոցեսը պետք է չեղարկվի, և ես խիստ նկատողություն եմ անում Շիրակի մարզպետին և ԳՇ անձնակազմի կառավարման վարչության պետ, գեներալ Գրիգորյանին։ Թույլ չեմ տա որևէ մեկը, առավել ևս պետական պաշտոնյա, ապապետության տրամաբանությամբ որևէ գործողություն անի։ Եվ հետևանքները կլինեն համապատասխան», – ասաց Փաշինյանը։