Թութունի արգելք մարիխուանայի փոխարե՞ն, մեկնաբանում է առողջապահության նախարարը
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկնաբանել է շրջանառվող խոսակցություններն այն մասին, թե երկրում իբր արգելվելու է թութունը։
«Հերթական մանիպուլյացիան է նետվել համացանց, թե իբր «արգելելու են թութունը, որ թույլատրեն պլանը» ու իրենք տարածում, իրենք ուրախանում են իրենց ստի վրա»,– գրել է Թորոսյանը Facebook–յան իր էջում։
«Սուտ 1. Ոչ ոք չի արգելում ծխելը չնայած նրան, որ այն տարեկան սպանում է մեր հազարավոր քաղաքացիների, այլ սահմանափակվելու են փակ հանրային վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը, որպեսզի կանխարգելվի այդ «սպանդը»։ Սուտ 2. Թմրանյութերի ազատ վաճառքի, շրջանառության ու օգտագործման մասին որևէ նախաձեռնություն չկա և չի կարող լինել և ձեր վառ երևակայությունը լավ կլինի պահեք ձեզ», – ընդգծել է ՀՀ առողջապահության նախարարը։
«Ես ինքս կարգելակեմ ցանկացած նման նախաձեռնություն, քանի դեռ կառավարության անդամ եմ, եթե որևէ մեկի մտքով նման բան անցնի։ Վստահ եմ նույնը կանի մեր ամբողջ կառավարությունը», – նշել է Թորոսյանը։–0–
