Թուրքիան արգելափակել է գերմանական ռազմական ինքնաթիռի թռիչքը Հայաստան: ՊՆ հաստատում է

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Թուրքիան հուլիսի վերջին արգելափակել է «Բունդեսվերի առաքելությունը»՝ արգելելով գերմանական ռազմաօդային ուժերի ինքնաթիռի թռիչքը դեպի Հայաստան: Այս տեղեկությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:
Ինչպես հայտնում է գերմանական Der Spiegel պարբերականը , թուրքական օդային երթևեկության կարգավարողները մերժել են անսպասելիորեն ՝ առանց բացատրության: Ինքնաթիռը պետք է թռիչք իրականացներ Քյոլնից Երևան և հայ զինվորականներին տեղափոխեր Գերմանիա՝ վերապատրաստման: Նշվում է, որ Բունդեսվերը Հայաստանի հետ համագործակցում է ռազմական մակարդակով, երկու երկրների զինվորները միասին աշխատում են Աֆղանստանում:
«Նովոստի - Արմենիա» գործակալության հորցումով Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացրեց, որ հաջորդ ճեպազրույցի ընթացքում իրենք կանդրադառնան այս խնդրին:
2010-ի փետրվարից Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումը ընդգրկվել է Աֆղանստանում՝ ISAF- ի հյուսիսային հրամանատարության մեջ, Գերմանիայի հովանու ներքո: Հայ խաղաղապահները ծառայել են Քաբուլում, Կունդուզում և Մազարի Շարիֆում: -0-